Երբեմնի հայաշատ Հալեպից ընդամենը 40կմ հեռավորության վրա գտնվող սիրիական Ալ Բաբը, որը բոլոր միջազգային սահմանագծումներով, քարտեզներով ու պայմանագրերով Սիրիայի անբաժանելի մասն է, 2016 թվականից ի վեր նվաճվել է Թուրքիայի Զինված ուժերի կողմից։ Եւ ինչպես Սիրիայի հյուսիսի այլ բնակավայրեր, այժմ Ալ Բաբն ամբողջությամբ թուրքական քաղաք է՝ թե փաստացի իշխանությամբ (քաղաքի ղեկավարումը կատարվում է թուրքական բանակի կողմից), թե սոցիալ-մշակութային իրականությամբ՝ դպրոցներից մինչև առևտուր։ Ուստի տարօրինակ չէ, որ Սիրիայի սուվերեն տարածքում թուրք քաղաքական գործիչը ոչ միայն կարող է ազատ շրջել դպրոցով, այլև երեխաներին սովորեցնել թուրքական ազգայնամոլական շարժման՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշը, որն իրենց ձեռքերով ցույց են տալիս աշակերտները՝ Թուրքիայի քարտեզի և դրոշակների ֆոնին։
Ինչպես հայտնի է, մի քանի օրից մեր Շուշի են այցելելու Սիրիայի տարածքի վերոնշյալ նվաճման հեղինակ Ռ.Թ. Էրդողանը և Ի. Ալիևը, որտեղ այս պահին կառուցվում է MHP կուսակցության դպրոցը։ Հայկական Արցախի մեծագույն մասն գրավելու արդյունքում այդ դպրոցի բացումից հետո էլ այնտեղ սովորող ադրբեջանցի աշակերտները շարունակելու են դաստիարակվել այն ոգով, որ ողջ տարածաշրջանը թուրքական տարածք է, որը պետք է շարունակել նվաճել։
Մեր փառապանծ հաղթանակի օրվան ընդառաջ ես չեմ ուզում դնել Շուշվա նկարները, փոխարենը նախընտրեցի պատմել ձեզ այն սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից։
Առաջիկայում ես կներկայացնեմ նաև մի մանրամասն ուսումնասիրություն Թուրքիայի կողմից 2010-2020թթ. ընթացքում Սիրիայի և Իրաքի տարածքների աստիճանական նվաճման մասին։ Գուցե այդժամ ավելի լավ պատկերացնեք, թե իրականում ինչպիսի ապագա են նախապատրաստում մեզ համար Հայաստանում գործող փաստացի թուրքամետ օկուպացիոն իշխանությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել