«Բայց այսօր մեր խնդիրների բովանդակությունը պետք է քայլ առ քայլ փոփոխության ենթարկվի, և մեր նպատակը պետք է լինի պատվաստումների լայնածավալ իրականացումը: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա առաջին հերթին, իհարկե, առողջապահական բաղադրիչ, բայց ուզում եմ ընդգծել նաև տնտեսական և քաղաքակրթական բաղադրիչը: Մենք կարող ենք արձանագրել, որ տուրիզմի ոլորտում սկսել է թույլ աշխուժություն նկատվել: Նաև ուզում եմ ընդգծել, որ կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այսօր Հայաստանում մենք պատրաստել ենք այսպես ասած կանաչ անձնագրերի էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց հեռախոսների վրա ունենան իրենց պատվաստումը հաստատող տեղեկատվություն, որը նրանց հնարավորություն կտա ճամփորդել սահմանափակումների առկայության պայմաններում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ մյուս կողմից շատ կարևոր է ՀՀ եկողների բնականոն և հարաճուն հոսքերն ապահովելը: «Կարծում եմ ակնհայտ է, որ աշխարհում հիմա երկրները գնահատվում են ըստ այնմ, թե բնակչության քանի տոկոսն է ստացել պատվաստում: Այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են, համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը արձանագրել է, որ ինչպես այլ պատվաստանյութերի դեպքում, առավելևս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված կան բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ: Նա կարծիք է հայտնել, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որպեսզի պատվաստումը Հայաստանում դառնա համատարած:
Փաշինյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը մի փոքր ավել է 5 հազարից: «Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ դա ամենևին էլ բավարար ցուցանիշ չէ, և մենք պետք է մեր ամենօրյա տեմպերն առնվազն կկնապատկենք, և շատ արագ դա պետք է անենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել