7or.am-ը գրում է.

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ Ռուսաստանի պաշտոնական քարոզչամեքենայի դրոշակակիր «Ռաշա թըդեյը»՝ RT–ն, ֆիլմ ցուցադրեց՝ «Փոփոխությունների գինը» խոսուն վերնագրով։

Ֆիլմն այն մասին էր, թե ինչ գին վճարեցին Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը փողոցային մանիպուլյացիաների միջոցով իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Դա պաշտոնական Կրեմլի գնահատականն ու վերաբերմունքն է Նիկոլի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանական համակարգում կարևոր տեղ զբաղեցնող RT–ն այդ ֆիլմը թողարկելով ոչ միայն գնահատական է տվել Նիկոլի վարած եռամյա քաղաքականությանը, այլ նաև ցույց տվել Ռուսաստանի քաղաքացիներին, թե ինչ է լինում փողոցային մանիպուլյատորների ու էժանագին պոպուլիստների իշխանության գալու արդյունքում։ Պատահական չէ, որ ֆիլմում Նիկոլը համեմատվում է արևմտյան բացահայտ դրածո, պոպուլիստ ու ամբոխավար Ալեքսեյ Նավալնու հետ։ Նիկոլն, ըստ պաշտոնական Մոսկվայի, հայկական Նավալնին է, իսկ Նավալնին՝ ռուսական Նիկոլը։ Երկուսն էլ դրածոներ են, կատարում են 5–րդ շարասյան ֆունկցիա և աշխատում հակառակորդ երկրների օգտին։

Առիթներ ունեցել ենք գրելու, որ «էն գլխից» էլ պարզ էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունների ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ ղեկավարության միջև ներդաշնակություն չի հաստատվելու և դա ազդելու է մեզ վրա։

ՀՀ և ՌԴ իշխանությունները միշտ ունիսոն են եղել։ Չի եղել, այսպես կոչված, դասակարգային հակադրություն։ Տեր–Պետրոսյան–Ելցին, Քոչարյան–Պուտին, Սարգսյան–Մեդվեդև հարաբերություններում ներդաշնակություն կար և չկար «դասակարգային» անտոգոնիզմ։


Այլ է խնդիրը Փաշինյան–Պուտին հարաբերություններում։ Տարբեր են և՛ անցած ճանապարհները, և՛ քաղաքական ծագումնաբանությունը, և՛ տեսակները, և՛ մտածողությունը։ Մոսկվան սա ամեն կերպ ցույց է տալիս՝ ժամանակին հորդորներ ու մեսիջներ հղելով հայ ժողովրդին։

Նիկոլն իշխանության է եկել որպես հակառուսական գործիչ, որը մեր տարածաշրջանում նշանակում է թուրքամետություն։ Այդ թուրքամետության հետևանքն էր ՀԱՊԿ դեմ նիկոլական կեղտոտ արշավը, հայ–ռուսական հարաբերությունների վատացումը, պատերազմը, Արցախի հսկայական տարածքների ու պետականության կորուստը, հազարավոր մեր տղաների մահը, կապիտուլյացիան և Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։

Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում կապիտուլյացիան շարունակվելու է և հանգեցնի արդեն Հայաստանի պետականության կորստին (այդ պետականությունն այժմ ֆորմալ առումով պահպանվում է բացառապես ռուսական գործոնի պատճառով)։ Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքական վերնախավն այս ամենը, պարզ կդառնա շատ շուտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել