Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հնագետները մումիան սկանավորելու ընթացքում դրա որովայնի հատվածում ոտքի փոքրիկ ոսկոր են գտել: Սկանավորումից հետո հաստատվել է, որ ոսկորը պատկանել է մոր արգանդում գտնվող պտղին:

Մումիան և իր սարկոֆագը 1826 թ. նվիրաբերվել են Վարշավայի համալսարանին և 1917 թվականից ի վեր պահպանվում են Վարշավայի ազգային թանգարանում: Գտածոն իսկապես հետաքրքիր պատմություն ունի:

Ի սկզբանե համարվում էր, որ մումիան պատկանում է կնոջ: Սակայն 1920 թ. վերծանվեց սարկոֆագի վրա գրված անունը, ինչը վկայում էր, որ հանգուցյալին կոչել են Խոր-Ջեհութի, և որ նա բարձր դիրք է զբաղեցրել հասարակությունում: «Գրող Գորա-Տոթա, ում Ջեմ լեռան վրա որպես աստծու երկրպագում էին, Պետմիթեն քաղաքի արքայական նահանգապետը, Խոր-Ջեհութին՝ Պադիամոնեմիպեթի և տնային տնտեսուհի Տանեթմինի որդին», - նշվում էր գրվածքում: 

Սակայն 2016 թ. համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ սարկոֆագի մեջ գտնվող մումիան, այնուամենայնիվ, հնարավոր է՝ չի պատկանում Խոր-Ջեհութիին: Ոսկրերը չափազանց փխրուն էին, բացակայում էին տղամարդու սեռական օրգանները, իսկ վերականգնման արդյունքում երևում էր կուրծք:

Հաշվի առնելով, որ 19-րդ դարում գտածոների հետ անզգուշորեն էին վարվում, իսկ սարկոֆագն իսկապես տղամադու մումիայի համար էր նախատեսված, հնագետները ենթադրում են, որ հին վաճառականները սարկոֆագում այլ մումիա են տեղադրել՝ այն առավել թանկ արժեքով վաճառելու համար: Դրա մասին են վկայում նաև մումիայի կտորի վնասվածքները:

Անհնար է հստակորեն իմանալը, թե ինչպիսինն էր կինը, սակայն դրա մնացորդներից մի քանի փաստ ակնհայտ է: Նրան մումիֆիկացրել են մեծ զգուշավորությամբ և ամուլետների հարուստ հավաքածուով, ինչը ցույց է տալիս, թե որքան կարևոր անձնավորություն է եղել այդ կինը: Մումիֆիկացումն, ընդհանրապես, Հին Եգիպտոսում ոչ բոլորին հասանելի «հաճույք» էր:

Կինը մահացել է մոտ 2000 տարի առաջ՝ մ.թ.ա. մոտ 1-ին դարում, 20-30 տարեկան հասակում: Պտղի զարգացման մակարդակը հուշում է, որ նա եղել է հղիության 26-30 շաբաթականում:

Ըստ գիտնականների՝ սա պատմության մեջ առաջին հղի կնոջ մումիայի բացահայտումն էր: Խորհրդավոր գտածոն մի շարք հարցեր է առաջ քաշում հին եգիպտական հավատքի մասին. արդյոք հին եգիպտացիները կարծու՞մ էին, որ դեռևս չծնված երեխաները կարող են այլ աշխարհ գնալ, թե՞ այս մումիան պարզապես բացառություն էր կանոններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել