ArmDaily.am-ը գրում է.
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքից բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվում։ Երեկ վարչապետի այցից հետո Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։
-Պրն Առուշանյան, Սյունիքի մարզի մի շարք համայնքներում մասսայական ձերբակալություններ են իրականացվում։ Արդյոք Ոստիկանությունը Ձեզ հետ կապ հաստատե՞լ է կամ հրավիրվե՞լ եք հարցաքննության։
-Ոչ, ոստիկանությունից ինձ չեն զանգել, իմ հետևից մարդ չի եկել և ոչ էլ ինձ հետ կապ են հաստատել։ Հիմա էլ իմ աշխատավայրում եմ՝ մեր առօրյա պարտականություններով ենք զբաղված։
-Հայտնի՞ է, թե ովքեր են բերման ենթարկվածները կամ քանի՞ հոգի են։
-Փոքր քաղաք է՝ բոլորս էլ մեկս մյուսին ճանաչում ենք։ Մի քանի մարդ կա, որ կապի դուրս չեն գալիս։ Տեղեկություններ են շրջանառվում, որ իրենց ձերբակալել են, բայց թե ինչ ուղղությամբ կամ որտեղ՝ տեղեկություն չունեմ։ Բերման ենթարկվածների մեծ մասը Արցախյան վերջին պատերազմին մասնակցած կամավորականներ են, ձերբակալվածներիր մեջ է նաև Արցախի Թաղլարն ազատագրողներից մեկը։
-Մոտավորապես քանի՞ հոգու են բերման ենթարկել։
-Չգիտեմ հստակ թիվը՝ բազմաթիվ մարդկանց անուններ են շրջանառվում, որ բերման են ենթարկվել՝ գուցե մի քանի տասնյակ։Անընդհատ զանգեր եմ ստանում համայնքի բնակիչներից, որ այս մարդը չկա, այն մարդը չկա՝ ընդ որում ոչ ոք չգիտի, թե բերման ենթարկվածներին որ ուղղությամբ են տարել։
-Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ գիշերը Երևանից Սյունիք ոստիկանական մեծաքանակ ուժեր են եկել։ Ինչ-որ տեղեկություն ունե՞ք այդ մասով։
-Այո, այդպիսի խոսակցություններ կան, մարդիկ խոսում են, որ եղել է նման բան, բայց փաստացի ինքս չեմ տեսել։
-Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ երեկվա բողոքի ակցիաները Սյունիքում կազմակերպված էին ՀՀԿ-ի ու Քոչարյանի աջակիցների կողմից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Երեկվա ցույցերը ինքնաբուխ ցույցեր էին, մարդիկ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, որ թուրքի՝ թշնամու հետ են մի քանի մետրի վրա ապրում, իրենց հողերն են կորցրել, իրենց տներն են կորցրել, հետևաբար նորմալ է, որ մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Մարդիկ արոտավայր են կորցրել, իրենց ունեցվածքն են կորցրել, ապրելու միջոցներ չունեն, կարծում եմ դա էր պատճառը, որ այդպիսի ինքնաբուխ ձևով որոշեցին բարձրաձայնել իրենց խնդիրները։
-Հնարավո՞ր է, որ Ալիևի հայտարարությունից հետո այդ դժգոհության ալիքը բարձրացավ։
-Կարծում եմ, դա էլ է ազդող գործող հանդիսացել՝ միգուցե։
-Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է այցելել Սյունիք։
-Չգիտեմ, այդ հարցը պետք է իրեն ուղղել։