Նաև՝ այն, որ ռազմական գործի մասին նրա պատկերացումներն ու գիտելիքները «10 տոկոսով պայթող Իսկանդերի» մակարդակի են: Դրան կարելի է ավելացնել, որ վարչապետի ելույթները համեմված են գեղեցիկ հռետորական հնարքներով և որոշակի զանգվածի համար միանգամայն համոզիչ են: Փողոցում մարդիկ, որոնք գոնե արտաքուստ ադեկվատ տպավորություն են թողնում, ինձ համոզում են, որ Փաշինյանը ոչ մի մեղք չունի, այդ դավաճան գեներալներն են Քոչարյանի հրահանգով փախել դիրքերից: Բայց բացի անձնական և հասարակական խնդրից (մեր քաղաքացիների իրազեկության և մտավոր մակարդակից), այստեղ կա նաև համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր: Եվ դա ավելի կարևոր է. ենթադրենք, կառավարությունը փոխվում է, երազենք նաև, որ լվացած ուղեղով մարդիկ պակասելու են, բայց եթե համակարգը մնալու է նույնը, չի կարելի որևէ դրական ակնկալիք ունենալ:
Իսկ համակարգը սկսվում է Սահմանադրությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող օրենքով վարչապետն ունի անսահմանափակ իշխանություն և զրո պատասխանատվություն: Տեսեք, թե ինչ է ասում Փաշինյանը: Ռազմական օպերացիաների հաջողության կամ անհաջողության համար նա ոչ մի պատասխանատվություն չի կրում, գեներալներն են որոշումներ ընդունում, նա ամենաշատը կարող է զբաղվել «մոդերացիայով»: Իսկ հետին թվով կարող է պատմել, որ ահա այս գեներալը «փախել է», իսկ այն գեներալը սխալ օպերացիա է նախագծել: Բայց նման բան ես էլ եմ կարող գրել: Ինչո՞վ է տարբերվում իմ՝ լրագրողիս պատասխանատվությունը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունից: Թե՞ գուցե ճիշտ են այն իրավաբանները, որոնք պնդում են, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը հրամանատարը չէր, չնայած նա իրեն բազմիցս այդպես էր անվանում: Ես հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, հրամանատար է: Թե չէ՝ ինչպես է նա կարողանում աշխատանքից հանել և նշանակել ԳՇ պետին ու նրա տեղակալին՝ ի հեճուկս, ի դեպ, նախագահի առարկությունների:
Բայց ճիշտ նույն ձևով վարչապետը կարող է ասել, որ ղարաբաղյան կարգավորման այս կամ այն ծրագիրն ընդունելու կամ մերժելու հարցում նա ընդամենը «մոդերացնում է» արտգործնախարարի և դիվանագետների աշխատանքը: Ինչպե՞ս է խորհրդարանը սխալ որոշումների դեմն առնելու, անգամ այն դեպքում, եթե մեծամասնությունը կազմված լինի ոչ թե «ուսապարկերից», այլ ինքնուրույն, մտածող մարդկանցից: Կամ ինչպե՞ս կասեցնել վարչապետի թելադրանքով նույն Ազգային ժողովի կողմից ընդունված անհեթեթ օրենքները, նույնիսկ եթե դրանք, ենթադրենք, չեն հակասում սահմանադրությանը: Այս խնդիրների մասին արժե մտածել, որպեսզի հետագայում այս համատարած անպատասխանատվության մթնոլորտից խուսափենք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել