Aravot.am-ը գրում է․

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի  27 նահատակներից երկուսը հետմահու պարգեւատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական խաչ 1-ին աստիճան» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով:

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում մեդալները նրանց հարազատներին հանձնեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Հանդիսավոր արարողության ավարտին Վիտալի Բալասանյանը ասաց. «Սիրելի հարազատներ, սիրելի բարեկամներ: Դեռեւս 1988-91, 1991-94  թվականներին, երբ որ ազգային ազատագրական շարժումը, պայքարը զարթոնք ապրեց, մենք կարողացանք հաղթանակներ բերել: Իհարկե, այսօր տխուր ենք՝ պարտվել ենք: Բայց բացի մեր նահատակներից, ամեն ինչը հետ ենք վերադարձնելու: Համոզված եղեք 100 տոկոսով: Վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թե քաղաքական, թե ռազմական, թե սոցիալական, թե տնտեսական՝ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները:

Միաժամանակ ուզում եմ իմ խոնարհումը, իմ շնորհակալությունը բերել բոլոր մասնակիցներին, զոհված մեր մարտական ընկերների ընտանիքներին: Ես վստահ եմ, որ հայուհու արգանդը երբեք չի չորանալու, միշտ ծնելու է հերոսներ: Համոզված եղեք, մենք զինվորագրվել ենք ու ամենածանր վիճակում էլ շատ կարճ ժամանակում հաղթելու ենք: Այս դահլիճում ներկա երեխաների աչքերում հրամայական ինչ-որ բան կա: Սիրելի երեխաներ, համոզված եղեք, որ հաղթանակած երկիր ենք հանձնելու ձեզ»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել