Խոսելով ռուս-չեչենական պատերազմի մասին, պետք է ընդունենք, որ չեչեն գրոհայինները հիմնականում գործում էին աֆղան մոջահեդների մարտավարությամբ: Չեչենները լայնորեն կիրառում էին այն բոլոր տիպ գործողությունները, որոնք իմ կողմից նկարագրվել են Աֆղանանական մոջահեդների մարտավարության վերլուծություն հոդվածում: Սակայն չեչենական պատերազմը ունեցավ որոշակի առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ է առանձնացնել: Ի տարբերություն Աֆղանստանի չեչենները կարողացան ստեղծել ռազմաճակատի գիծ: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ չեչենական պատերազմների սկզբում նրանք կարողացան տիրանալ ողջ Չեչնիային: Չեչենական բանակը (կարծում եմ բոլոր հիմքերը կան այն բանակ անվանելու համար) չնայած կազմված էր մեծ թվով օտարերկրացի վարձկաններից և մոլեռանդ մուսուլմաններից, աչքի էր ընկնում իր կարգապահությամբ և մարտունակությամբ: Նրանք մարտեր էին մղում իրենց սեփական տարածքներում և մարտական գործողությունների կազմակերպման ժամանակ մեծ ուշադրություն էին դարձնում լեռնային տեղանքի առանձնահատկությունների վրա: Դրանով չեչենները կարողացան բավականին արագ առավելություն ստանալ ռուսական զորքերի նկատմամբ: Իր հերթին շատ մեծ դեր խաղաց նաև ռուսների կողմից չեչենների թերագնահտման գործոնը:

Բավականին հետաքրքիր է չեչենների պաշտպանական մարտավարությունը: Պաշտպանվող օբյեկտում նրանք ստեղծում էին ստորգետնյա ինժեներական կառույցների մի համակարգ, որը հնարավորություն էր տալիս պաշտպանվողներին արագ զորաշարժ կատարել մի կարակային դիրքից մյուսը, միաժամանակ հուսալի պաշտպանում էր նրանց ռուսկան զորքերի կրակից: Նման ձևով սարքավորված հենակետերում չեչենական փոքր խմբերը կարողանում էին կանգնեցնել ռուսական մի քանի տասնյակ անգամ գերազանցող ուժերին և շատ հաճախ նույնիսկ ստիպում էին ռուսներին նահանջել:

Ավելի մանրամասն պատկերացնելու համար ներկայացնեմ 1996 թվականի հունվարի 11-17-ը Սալման Ռադուևի ջոկատի կողմից Պերվոմայսկ գյուղի մարտերը (օրինակը բելերլ եմ հենց Պերվոմայսկ գյուղի վրա, քանի որ այն նույնիսկ Չեչնիայի տարածքում չէր): Չեչենների կողմից Պեռվոմայսկի գրավումից հետո չորս օր շարունակ ռուսական կողմը անհասկանալիորեն ոչ մի գործողություն չկիրառեց, ինչի արդյունքում չեչեննաերը կարողացան սարքավորել պաշտպանական երկու բնագիծ: Ինժեներական առումով առավել հուսալի էին սարքավորված երկրորդ գծի կրակային դիրքերը ու խրամուղիները: Կրակի համակարգը կառուցվել էր այնպես, որ ապահովում էր գյուղի շրջանաձև պաշտպանությունը և բացառում էր մեռյալ ու ծածկված տարածքները պաշտպանության մոտակա մատույցներում ողջ ճակատով մեկ: Առավել լիարժեք պատկերացում ստանալու համար նշեմ, որ ռուսական կողմը Պեռվոմայսկ գյուղը շրջափակելու և ազատագրելու համար կենտրոնացրել էր 2,5 հազար զինծառայող, 32 հրանոթ և ականանետ, 3 ԲՄ-21 (Գրադ) կայանք, 54 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 22 զրահափոխադրիչ (ԶՓ), 4 մարտական հետախուզական դետքայնին մեքենա (ԲՌԴՄ), մի քանի տանկեր և մարտական ուղղաթիռներ: Սալման Ռադուևի ջոկատը կազմված էր 300 գրոհայիններից՝ զինված 82 մմ ականանետերով, մեծ քանակությամբ գնդացիրներով, նռնականետերով, հրանետերով և հրաձգային զենքերով (բոլոր տվյալները՝ ըստ ռուսական աղբյուրների): Հունվարի 15-ի առավոտից սկսած ռուսական կողմը սկսում է գրոհել գյուղը, սակայն որոշակի հաջողության հասնում են միայն “Վիտյազ” ջոկատի զինծառայողները, որոնք կարողանում են ճեղքել պաշտպանության առաջին բնագիծը, բայց դուրս գալով երկրորդ բնագծի դեմ կանգնեցվում են: Մութն ընկնելուն պես նրանք էլ ստիպված են լինում հետ քաշվել զբաղեցրած դիրքերից և դուրս գալ գյուղից: Նման հարձակումներ կրակնվում են նաև հունվարի 16-ի ողջ օրվա ընթացքում, սակայն, ռուսական ուժերը խոշոր կորուստներ կրելով նահանջում են: Հունվարի 17-ին Սալման Ռադուևը որոշում է ընդունում ճեղքել ռուսների շրջապատման օղակը և դուրս գալ գյուղից, քանի որ ջոկատի զինամթերքը սպառվելու վրա էր: Չնայած ռուսական կողմի այն պնդումներին, որ իրենք երկօրյա մարտերում կոտրել էին չեչենների ոգին և նրանք պարզապես այլևս ի վիճակի չէին շարունակելու մարտական գործողությունները, ես մի փոքր այլ կարծիքի եմ: Ռուսական կողմի պնդմամբ “խոշոր կորուստներ կրախ”, “բարոյալքված”, “հոգնած” ու “սոված” չեչենները ոչ միայն կարողացան ճեղքել պաշտպանության գիծը և հիմնական ուժերով դուրս գալ շարջապատումից, այլև իրենց հետ գյուղից դուրս հանեցին և Չեչնիա տարան մի քանի տասնյակ պատանդների:

Չեչենները խորը էշելոնացված պաշտպանական հենակետերի էին վերածել Վեդենո, շատոյ և այլ լեռնային բնակավայրեր, որոնք ռուսական ուժերը կարողացան գրավել միայն անհամաչափ հզոր սպառազինության և մեծաքանակ կենդանի ուժի օգտագործումից հետո՝ ամբողջովին ավերակների վերածելով այդ բնակավայրերը:

Ինչ վերաբերվում է չեչենների կողմից հարձակողական գործողություններին, կարելի է ասել, որ նրանք բացահայտ հարձակման չէին գնում: Նրանք հիմնականում կատարում էին դիվերսիոն գործողություններ՝ հարձակվելով բլոկ պոստերի, բնակավայրերի, զորանոցների վրա: Այդպիսի գործողությունների սովորաբար մասնակցում էին լավ պատրաստված փոքրաթիվ խմբեր, որոնց հաջողության հիմնական գրավականը՝ անսպասելիությունը, արագույթւոնը և ճկունությունն էր: Հարձակվելով գրոհի օբյեկտի վրա և կատարելով խնդիրը՝ նրանք արագորեն նահանջում էին իրենցից հետո ոչ մի հետք չթողնելով: Առավել խոշոր օբյեկտների վրա հարձակվելուց առաջ, այդ օբյեկտներում իրականացվում էր մի քանի դիվերսիոն գործաղություններ, որոնց արդյունքում թուլանում էր օբյեկտի պաշտպանությունը: Կարելի է ասել, որ չեչենները խոշորամասշտաբ հարձակողական գործողություններ իրականացրեցին միայն 1999 թվականի աշնանը, երբ ներխուժեցին հարևան Դաղստանի տարածք, սակայն այդ ժամանակ էլ չեչենները հիմնականում գործում էին պարտիզանական մարտավարությամբ:

Ի մի բերելով նշեմ, որ չեչենական կողմի արդյունավետ մարտական գործողությունները պայմանավորված էին.

-Բարձր պրոֆեսիոնալ պատրաստություն պատրաստություն ստացած փոքր խմբերի գործողություններով,

-Ճանապաչհների, լեռնանցքների, կարևոր օբյեկտների, կոմունիկացիոն ուղիների անընդհատ հետախուզմամբ և դրանք նախորոք ականապատումներով,

-Հատուկ նշանակության հարվածա-գրոհային ջոկատների գործունեությամբ,

-Մարտական գործողությունների մասնակցող ուժերի պարբերական հերթափոխի և հանգստի կազմակերպմամբ:

 

Հ.Պետրոսյանց 

2002 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել