Կոմպոզիտոր, նվագավար, մանկավարժ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՎԽՍՀ, Ադրբ. ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս:
Ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսում։ Վաղ մանկության առաջին երաժշտական տպավորությունները մորից լսած հայկական ժողովրդական երգերն էին, որ երգում էր չափազանց արտահայտիչ, հոգեկան ջերմությամբ… Դեռևս նախադպրոցական տարիքում փոքրիկ Արամը փողոցում ժամերով կանգնում և լսում էր ժողովրդական թափառաշրջիկ երգիչներին, աշուղներին և նվագածուներին։ Նա ագահաբար կլանում էր նրանց արվեստը, թեև ամեն բան չէ, որ հասկանում էր։ Նրան գրավում և հիացնում էր ժողովրդական երաժշտության ռիթմի «կախարդիչ» ուժը։
«…Ինչ-որ հրաշքով թբիլիսցի կազմարարի աղքատիկ ընտանիքում հայտնվեց մի հին, հալից ընկած դաշնամուր։
–Բավական արագ սովորեցի լսողությամբ ժողովրդական երգերի ու պարերի մեղեդիներ նվագել, - պատմում է Խաչատրյանը,- մի անբացատրելի երանությամբ ես անվերջ մեկ կամ երկու մատով դրանք դուրս էի «կորզում»… Առավել դժվար էր շատ թե քիչ տանելի նվագակցություն գտնելը։ Սակայն որոշ ժամանակ անց դրանից էլ գլուխ հանեցի։ Ես ավելի համարձակ դարձա ու սկսեցի տարբերակել ծանոթ եղանակները, հորինել նորերը»։ 
Երաժշտության տարրական տեսության նկատմամբ մնալով կուսական անտեղյակության մեջ, նա հույսը դնում էր շնորհալի ինքնուս բնազդի ու ներհայեցողության վրա… և աստիճանաբար, նույնիսկ «շուքով» կատարում էր հանրածանոթ երգերը և պարերը՝ հարստացնելով դրանք իր անպաճույճ «իմպրովիզացիաներով»… Ավագ եղբոր առաջարկով Արամն անցավ նախապատրաստական դասընթացները և 1922թ. ընդունվեց Մոսկվայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Երաժշտությունը նրան շեղեց կենսաբանությունից… Նույն աշնանը Արամ Խաչատրյանը քննության ներկայացավ Գնեսինների անվան Մոսկվայի երաժշտական տեխնիկում (այժմ՝ ինստիտուտ)։ Չունենալով ոչ մի, նույնիսկ տարրական երաժշտատեսական պատրաստականություն, նա, այնուամենայնիվ, առանց մեծ դժվարության գլուխ հանեց ընդունելության փորձություններից…»: Գեորգի Խուբով, «Արամ Խաչատրյան», Երևան, 1977
1934թ. Ա. Խաչատրյանն ավարտել է Մոսկվայի երաժշտանոցը (դասատու Ն. Մյասկովսկի), իսկ 1936թ.` ասպիրանտուրան, 1957-ից՝ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության քարտուղարն էր, 1950-ից դասավանդել է Մոսկվայի երաժշտանոցում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում, 1952 թվականից՝ պրոֆեսոր էր: Խաչատրյանը 20-րդ. դարի մեծագույն կոմպոզիտորներից էր։ Նա համաշխարհային ճանաչում է բերել հայ ազգային երաժշտարվեստին։ 
Ա. Խաչատրյանի հանրահայտ գործերից են՝ 1-ին սիմֆոնիան՝ նվիրված Խորհրդային Հայաստանի 15-ամյակին, «Գայանե» բալետը (1943թ.), 2-րդ սիմֆոնիան (1943թ.), որը նվիրված էր Գարեգին Նժդեհին (Կարեն Սմբատյան, «Պատառիկներ օրագրից», Երևան, 2003, էջ 208), «Սպարտակ» բալետը (1954թ.), «Դիմակահանդեսը» (1941թ.)։ Գրել է նաև երաժշտություն տարբեր ֆիլմերի համար։
«Նրա երաժշտությունը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու Հայաստանը, հայ ժողովրդին, նրա պատմությունը, նրա ոգին…»: ԽՍՀՄ ժող, արտիստ Գեորգի Սվիրիդով («Սովետական Հայաստան», 5 մայիսի 1978):
Արամ Խաչատրյանի հուշարձանի համար ՀԽՍՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի հայտարարած մրցույթում քանդակագործ Յուրի Պետրոսյանի ներկայացրած նախագիծն արժանացավ առաջին մրցանակի («Սովետական արվեստ» 1986թ. N12, էջ 23):
Արամ Խաչատրյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1999թ. հուլիսի 31-ին իր անունը կրող Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի մոտ: Ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը: Խոսք ասացին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Ամենայն հայոց կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Համերգասրահի մոտ և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մերձակա պուրակում նվագախմբերը հնչեցնում էին Արամ Խաչատրյանի երաժշտությունը: 
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը` 3,5 մ, քանդակագործ` Յուրի Պետրոսյան (տես` Հ.Այվազովսկու արձանը), ճարտարապետ` Ռոմեն Մարտիրոսյան: Հուշարձանի հովանավորն է Սենիկ Գևորգյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել