«Ինչպես հայտնի է, հայաստանյան ճգնաժամից դուրս գալու տարբերակներից մեկով առաջարկվում էր ստեղծել անցումային կառավարություն, որը կլիներ ապաքաղաքական, տեխնոկրատ: Այդ առաջարկը չիրագործվեց. Փաշինյանն ու «Իմ քայլը» չեն ցանկանում ոչ մի վայրկյան իրենց իշխանությունը բաց թողնել՝ ո՞վ գիտի, թե ինչ կլինի մինչև ընտրությունները, մեկ էլ տեսար, ինչ-որ մեկն իրենց աթոռները փախցրեց: Բայց, քանի որ շատ քիչ հավանական է, որ ընտրությունները (ինչպես էլ ավարտվեն) կարող են լուծել այդ ճգնաժամը, և հակառակը՝ ենթադրելի է, որ նոր (հին) կառավարությունն առանձնապես պինդ չի նստելու իր աթոռներին, կարելի է երկու բառով անդրադառնալ այդ գաղափարին: Արդյոք այն Հայաստանում ընդհանրապես կիրառելի՞ է: Օրինակի համար վերցնենք ԿԳՄՍ նախարարին:
Հեղափոխությունից հետո այս պաշտոնը զբաղեցրեց կուսակցական, քաղաքական գործիչ, ակտիվ «քայլող», վառ հեղափոխական Արայիկ Հարությունյանը, որն այժմ ասպարեզից, կարծես թե, դուրս է եկել՝ չնայած համարվում է վարչապետի խորհրդականը: 2020 թվականի նոյեմբերի 23-ին նախարար է նշանակվել անկուսակցական պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, որին կարելի է արհեստավարժ տեխնոկրատ անվանել: Արդյոք այդ երկու նախարարների վարքագծի մեջ զգալի տարբերություն կա՞: Օրինակ, Դումանյանն ասում է, որ Փաշինյանի հանրահավաքներին դպրոցների ղեկավարության կողմից «բերման ենթարկված» երեխաները իրականում իրենք են ցանկություն ունեցել քաղաքական ճառեր լսելու: Նույնը կասեր նաև Հարությունյանը՝ գուցե մի քիչ ավելի ագրեսիվ ինտոնացիայով: Կամ՝ վարչապետն ասում է, որ բոլոր բուհերի շենքերը պետք է վաճառել և ստացված գումարով Երևանից դուրս համալսարանական քաղաք հիմնել: Եթե Վահրամ Դումանյանը լիներ պարզապես ԵՊՀ պրոֆեսոր, նա ուղղակի կծիծաղեր այդ գաղափարի վրա: Բայց այժմ նախարարն ինչ-որ լղոզված պատասխան է տալիս: (Ծիծաղելու հետևանքներն իր մաշկի վրա զգաց ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը): Կուսակցական Արայիկ Հարությունյանը նույնպես կքարոզեր բուհերի շենքերի վաճառքը: Հիմա, եթե վարչապետը հրամայի, ասենք, «խաչասերել» կոնսերվատորիան և պոլիտեխնիկական ինստիտուտը, ի՞նչ է՝ կարծում եք, Դումանյանը չի՞ վազի՝ այդ հրամանը կատարելու՝ մոռանալով արհեստավարժության մասին:
Հետևաբար, այս իրավիճակում, քաղաքական այս ավանդույթների և այս Սահմանադրության պայմաններում մարդը, զբաղեցնելով որևէ պաշտոն, կա՛մ իրեն պիտի պահի «ուսապարկի» նման (անգամ, եթե իր ծագումնաբանությամբ «ուսապարկ» չէ), կա՛մ պետք է լքի իր պաշտոնը: Կլեպտոկրատիայի՝ գողապետության (մինչև 2018 թվականը) և օխլոկրատիայի՝ ամբոխապետության (2018-ից հետո) պարագայում չի կարող ստեղծվել արհեստավարժ կառավարիչների համակարգ: Նախ պետք է ձևավորվի այնպիսի մի ռեժիմ, որտեղ անկախ, չշահագրգռված մարդկանց կարծիքը հաշվի կառնվի, հետո միայն արժե մտածել՝ պե՞տք է արդյոք նման մարդկանց պաշտոններ տալ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: