ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է իր «100-օրյա պաշտոնավարման արդյունքներն ըստ ուղղությունների»։
17-էջանոց փաստաթուղթը կարդալով՝ ավելի լավ ես հասկանում, թե ինչու Հայաստանում չի կարող զարգանալ կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը (ու ոչ միայն)։
Մի կողմ թողնենք, որ բազմաթիվ «արդյունքներ» ներկայացված են ներկա շարունակական կամ ապառնի ժամանակով, օրինակ՝ «մշակվում է այսինչ քարտեզը» կամ «առաջիկայում կհայտարարվի [...] երրորդ մրցույթը»:
Ոչ մի ռազմավարական մոտեցում, ոչ մի ծրագրային ակնարկ, թե նախարարը ինչպես է տեսնում իր ղեկավարած ոլորտների ու հատկապես կրթության ու գիտության զարգացումը։ Միայն անհեթեթ փաստեր։
Այս նույն տրամաբանությամբ նա կարող էր գրել, որ պաշտոնավարման ընթացքում 100 անգամ առավոտյան սափրվել է և աշխատանքի գնացել։
Պարոնա՛յք, Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակի առթիվ կազմակերպված համերգը կամ Խնկո Ապոր անվան գրադարանում գիրք նվիրելու միջոցառումը չի կարող ներկայացվել նախարարի գործունեության արդյունք։ Այնպես, ինչպես կովկասյան ընձառյուծի հայտնվելը չի կարող լինել վարչապետի փաստ no 83:
«Վերսկսվել են ԿԳՄՍ նախարարի, նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելությունները, որոնք սահմանափակվել էին՝ համավարակով և պատերազմով պայմանավորված»․ սա էլ է գործունեության արդյունք ներկայացվում։
Լրջացե՛ք, պարոնայք և տիկնայք։ Ամոթ է։ Ամոթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել