Ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի ստեղծողներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թ.), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975թ.), հասարակական- քաղաքական գործիչ:
Ծնվել է Մոսկվայում, ֆիզիկոսի ընտանիքում: 1942թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: ՀՄՊ-ի տարիներին աշխատել է նոր զենքի ստեղծման ուղղությամբ: 1947թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1948թ. աշխատել է ջերմամիջուկային զենքի ստեղծման վրա: Իր ուսուցիչ Ի. Ե. Տամմի հետ միասին առաջ է քաշել ջերմամիջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու հարցը: 1950թ նրանք քննարկեցին մագնիսական ջերմամիջուկային դեսվրոբի գաղափարը, որը հիմք ծառայեց ղեկավարվող ջերմամիջուկային սինթեզի համար: Սախարովը Խորհրդային Միության եռակի հերոս է: 1953թ. նրան շնորհվել է Պետական, իսկ 1956թ.` Լենինյան մրցանակ: 32 տարեկան հասակում ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ: Աշխատելով ջրածնային զենքի վրա` Սախարովը գիտակցում էր այն վտանգը, որի առաջ կկանգնի մարդկությունը, եթե այդ զենքը գործադրվի: 1957-1963թթ. Սախարովը ակտիվ պայքար էր մղում միջուկային զենքի փորձարկման դեմ երեք միջավայրերում: 1963թ. նա հանդես եկավ «Մտորումներ խաղաղ գոյակցության և մտավոր ազատության առաջընթացի մասին» հոդվածով, որը հրատարակվեց բազմաթիվ լեզուներով՝ 20 միլիոն տպաքանակով: Հոդվածի հրապարակումից հետո Սախարովը հեռացվեց իր պաշտոնից։ 70-ական թվականներին Սախարովի դեմ սկսվեց լրատվական արշավ: 1975թ. նա գրեց «Երկրի և խաղաղության մասին» հոդվածը: Այդ տարի նրան շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ: 1979թ. խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումը նա գնահատեց որպես «ողբերգական սխալ»: Շուտով, 1980թ. հունվարի 22-ին, առանց դատի նա արտաքսվեց Գորկի քաղաք՝ զրկվելով բոլոր պետական պարգևներից: Միայն 7 տարի հետո` 1986թ, վերադարձավ Մոսկվա, իսկ 1989թ. ընտրվեց ժողովրդական պատգամավոր: Բազմաթիվ անգամ հանդես եկավ Արցախի խնդրի արդարացի լուծման օգտին:
Փորձություններով լի այդ դժվարին տարիներին նրան աջակցում և սատար էր կանգնում իր գաղափարակիցը` կինը` Ելենա Բոնները (Ելենա Ալիխանյանը):
«Հակասական և ուժեղ զգացումներով է համակվում յուրաքանչյուր ոք, ով մտորում է, թե ինչ կլինի աշխարհի ապագան հիսուն տարի անց...
Հավատացած եմ, որ մարդկությունը կգտնի այդ բարդ, մեծ, անխուսափելի, անհրաժեշտ և հսկայական առաջընթացի իրականացման խոհեմ լուծումը` պահպանելով մարդկայինը մարդու մեջ և բնականը բնության մեջ»: 
Ա. Դ. Սախարով
Ա. Սախարովի հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը և Կենտրոն համայնքի թաղապետարանը կազմակերպեցին մրցույթ նրա հուշարձանի համար: Մեկ տարի շարունակվող քննարկումների ընթացքում առաջնությունը տրվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի ներկայացրած տարբերակին:
Ա. Սախարովի ծննդյան 80-ամյակի առթիվ 2001թ. մայիսի 29-ին, նրա անունը կրող հրապարակում (Նալբանդյան փողոց) հանդիսավորությամբ բացվեց մեծ հումանիստի և գիտնականի հուշարձանը: Հանդիսավոր արարողությանը խոսք ասացին ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը, քաղաքապետ Ռ. Նազարյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Ա. Դրյուկովը, արվեստաբան Հ. Իգիթյանը:
Արձանի նյութը` կոփածո պղինձ, բազալտ, բարձրությունը պատվանդանի հետ միասին` 4,5 մ, քանդակագործ` Տիգրան Արզումանյան, ճարտարապետ` Լևոն Ղալումյան, դրվագող` Ներսես Չարխչյան:
Տիգրան Արզումանյանը ծնվել է 1945թ. Երևանում:
1969թ. ավարտել է ԵԳԹԻ-ն: 1973-1978թթ. աշխատել է ԺՏՆՑ-ում որպես գլխավոր նկարիչ: 1974-ից նկարիչների միության անդամ է:
Նրա գործերից են` 
«Ընտանիք», հարթաքանդակ, պղինձ, 2x4 մ, 1972թ., ք. Անապա (ՌԴ), համահեղինակ՝ Յուրի Մինասյան
«Արմեն Տիգրանյան», բարձրաքանդակ, կոփածո պղինձ, 1,8x1,2 մ, 1983թ., Ա. Տիգրանյանի անվան դպրոցում, Երևան:
ՀՄՊ-ում զոհվածներին նվիրված հուշարձան, կոփածո պղինձ, բարձրությունը` 5 մ, 1986 թ., գ. Արշալույս, Էջմիածնի շրջան,
«Ըմբշամարտ», տուֆ, բարձրությունը` 2 մ, 1988թ., ք. Ուլյանովսկ
Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, տուֆ, բազալտ, 2x2 մ, 1989թ. ք. Ջերմուկ
Հուշարձան նվիրված զեյթունցիներին, սիրիական մարմար, 3.5x5.5 մ, 1995թ. Հալեպ
«Վահրամ Փափազյան», կիսանդրի, բրոնզ, 1998թ. Ստեփանակերտ, Վ. Փափազյանի անվան թատրոնի մոտ
«Մ. Մաշտոց», տուֆ, 2.2x1.3 մ, 1997թ., ք. Ստեփանակերտ
«Ալեք Մանուկյան», բրոնզ, 1.8x1.8x3 մ, 1999թ., ք. Ստեփանակերտ
«Վիլյամ Սարոյան», բազալտ, 2000թ., Վ. Սարյանի անվ դպրոց, Երևան
«Պողոս Նուբարյան», կիսանդրի, բրոնզ, 2001թ., Նուբարաշեն, Երևան
«Լեոնիդ Ազգալդյան», գրանիտ, 2 մ, 2002թ., Երևան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել