«Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, նրա անցած ուղին՝ անհատական մակարդակում «հաջողության պատմություն» է։ Իջևանցի տղան՝ չունենալով անգամ բարձրագույն կրթություն, դառնում է նախ՝ սկանդալային լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հալածվում է, հետո հայտնվում է խորհրդարանում, ավելի ուշ՝ քայլում է երկրի մի հատվածով և․․․ հայտնվում է իշխանության ղեկին։ Իսկական հոլիվուդյան «happy end»-ով ավարտվող ֆիլմի սյուժե է, որը, սակայն, կարող է արժանահավատ լինել միայն այն դեպքում, եթե նկարահանվի տրագիկոմեդիայի ժանրում։

Բանն այն է, որ անհատական մակարդակում Նիկոլ Փաշինյանի ուղին հիշեցնելով «հաջողության պատմություն», հանրային, համապետական մասշտաբով՝ իրականում աղետի ու կործանման պատում է, որում արդեն երեք տարի ու մինչև օրս ապրում է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը հակասական կերպար է, ու իր կերպարի հանգույն՝ հակասական է նաև նրա անձնական ու անանձնական դերը։ Իսկ այդ հակասականությունն ամենաշատն արտահայտվում է նրանով, որ նրա անձնական «հաջողության պատմության» արդյունքում Հայաստանն արժանիորեն հավակնում է դասվել, նույն արևմտյան եզրաբանությամբ՝ «Failed state»-երի՝ ձախողված պետությունների շարքին։

Նիկոլ Փաշինյանի անձնական այդ հաջողությունը հանգեցրել է Հայաստան պետության ձախողման։ Այդ մասին, իհարկե, նկարահանվելու դեպքում՝ հոլիվուդյան ֆիլմում ոչինչ չի ասվի, քանի որ գոնե այս պահի աշխարհաքաղաքական շահերին համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի միայն «հաջողության պատմությունը», և ոչ երբեք դրա արդյունքում՝ Հայաստանի՝ ձախողված պետություն դառնալու դառն իրողությունը։

Հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի անհատական «հաջողության պատմությունը» նման ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանի համար, տասնյակ, հարյուրավոր պատասխաններ ունի, որոնցից յուրաքանչյուրն առանձին քննարկման նյութ է։ Սակայն այդ պատասխանների եթե ոչ՝ ամբողջական շարքը, ապա՝ զգալի մասը կարելի է գտնել մեր հայրենակից Դարոն Աջեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» (Why Nations Fail) գրքում։

Աջեմօղլուին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության սկզբնական շրջանում ցանկանում էր հրավիրել Հայաստան՝ աշխատելու, սակայն դա տեղի չունեցավ։ Թերևս, նաև այն պատճառով, որ մեր հայրենակիցն ի սկզբանե տեսնում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետության հետ անում է այն, ինչն իր աշխատության մեջ համարվում է պետությունների ձախողման հիմնական պատճառ։ Ընդհանուր առմամբ, Աջեմօղլուի և գրքի համահեղինակ Ռոբինսոնի թեզը հանգում է նրան, որ ազգերը, պետությունները ձախողում են ինստիտուտների չկայացվածության պատճառով։ Նրանց մոտեցմամբ, պետության բարօրությունը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը կախված է առավելապես քաղաքական և տնտեսական ինստիտուտների ներառականությունից։

Իսկ ինստիտուտները ներառական են համարվում այնքանով, որքանով քաղաքական որոշումների կայացմանը մասնակցում են հնարավորինս մեծ թվով մարդիկ, ի տարբերություն ոչ ներառական կամ, Աջեմօղլուի բնորոշմամբ, «էքստրաակտիվ» ինստիտուտների, որոնցում որոշումները կայացվում են սահմանափակ թվով սուբյեկտների կողմից։ Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը գնաց «էքստրաակտիվ» ճանապարհով՝ առանց այդ էլ ավանդաբար որոշումների կայացման կենտրոնացված նախկին համակարգը վերածելով գրեթե ամբողջությամբ անձնակենտրոն կառույցի. ինստիտուտները ներառող դարձնելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն  ինքը ներառեց հնարավոր ամենայնը՝ ստեղծելով ձևով՝ ժողովրդավարական, սակայն բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ։

Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը վերածվեց խամաճիկի, գրեթե զրոյացվեցին իշխանությանը հակակշռող ու փոխզսպող բոլոր ինստիտուտները։ Իշխանության այսպիսի բյուրեղացումը, առնվազն Աջեմօղլուի տեսության տրամաբանությամբ, պետությունը ձախողման տանելու ամենաուղիղ ճանապարհն  է։ Իսկ եթե դրան գումարենք իշխանության ներկայացուցիչների անհատական ու հավաքական անգրագիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու ոչ կոմպետենտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Հասարակությունների ու պետությունների ճակատագրերը ոչ միայն կարող են չհամապատասխանել դրա առանձին անդամների «հաջողության պատմություններին», այլ կարող են լինել հակամետ ու փոխբացառող։ Հենց դա է տեղի ունեցել Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է իր «հաջողության պատմությունը»՝ ի հաշիվ Հայաստանի պետության ու պետականության։ Եվ եթե նրա պատմության մոտիվներով հոլիվուդյան կամայական ֆիլմը կավարտվի տափակ «Happy end»-ով, ապա Հայաստանի համար ավարտը կարող է արտահայտվել ողբերգական «Game over»-ով։

Մենք հիմա ապրում ենք այս երկու սյուժետային ֆինալների կերտման ժամանակներում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել