«2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանը հայտնվել է գրեթե կատարյալ մեկուսացման ու օտարացման մեջ, ինչն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով: Պատերազմում կրած պարտությանը հաջորդած հինգ և ավելի ամիսների ընթացքում Հայաստան գրեթե չի այցելել որևէ օտարերկրյա պաշտոնյա կամ պատվիրակություն, նույն կերպ հայկական որևէ պաշտոնյա կամ պատվիրակություն չի մեկնել արտերկիր: Առանձին բացառություններ, իհարկե, եղել են, Հայաստան այցելել են տարբեր միջազգային պատվիրակություններ, բայց դրանք եղել են տարածաշրջանային այցերի համատեքստում արարողակարգային ու պարիտետային տրամաբանությամբ: Իսկ հայ պաշտոնյաներն արտերկիր են մեկնում որևէ վերպետական կազմակերպության, ասենք Եվրասիական միության միջոցառումներին մասնակցելու նպատակով միայն:
Դրանից դուրս ոչ որևէ լուրջ պաշտոնյա է այցելում Հայաստան, ոչ էլ որևէ հայ, առավել ևս բարձրաստիճան պաշտոնյա է լինում այս կամ այն երկրում: Աշխարհը, կարծես, փակվել է Հայաստանի համար: Իշխանության գալուց հետո միջազգային վոյաժներից աչք չբացող Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ինքնաթիռ է նստել անհիշելի ժամանակներում, այն էլ ԵԱՏՄ ինչ-որ անիմաստ միջոցառման մասնակցելու նպատակով: Երկկողմ մակարդակում Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում որևէ երկրում, անգամ նույն ԵԱՏՄ «եղբայրական պետություններում»:
Արևմուտքի մասին խոսելն անգամ ավելորդ է: Եվրոպան ու ԱՄՆ-ն, որտեղ այդքան անբռնազբոս այցելում էր Նիկոլ Փաշինյանն իշխանության սկզբնական շրջանում, (թեև գոնե ԱՄՆ-ում չարժանանալով որևէ լուրջ ընդունելության), հիմա փակվել են նրա առջև: Նիկոլ Փաշինյանն այլևս հետաքրքիր չէ որևէ երկրի կամ աշխարհաքաղաքական բևեռի, նա վերածվել է իսկական իզգոյի այդպիսին դարձնելով նաև Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը դադարել է հետաքրքրել որևէ մեկի, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների իմաստով Հայաստանը գտնվում է շատ բևեռների հետաքրքրության տիրույթում:
Պարզապես Նիկոլ Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականության արդյունքում Հայաստանով հետաքրքրվողներն իրենց հետաքրքրություններն արդեն բավարարում են կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի հետ շփումներում: Հայաստան պետություն բառի բովանդակային իմաստով, այլևս չկա, կա տարածք, որտեղ առայժմ գործում է ռուսական պրոտեկտորատ: Այն կախված աշխարհաքաղաքական այս կամ այն զարգացումից, կարող է փոխվել. պրոտեկցիան, այսպես թե այնպես, կմնա, բայց մի պրոտեկտորը կարող է փոխարինել մյուսին: Դատելով ներկայիս տարածաշրջանային զարգացումներից ու Հայաստանի իշխանության պատրաստականությունից, դրա ամենամեծ հնարավորությունն ունի Թուրքիան:
Հայաստանի ինքնիշխանությունը, որի մասին այդքան հպարտորեն ու պաթետիկ առոգանությամբ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, նրա իսկ գործողությունների արդյունքում հավասարվել է պատմական մինիմումի, եթե ընդհանրապես կարելի է խոսել ինքնիշխանության մասին: Նա համաձայնել է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը այս փուլում Ռուսաստանին, բայց բաց թողնելով հարմար պահի այն որևէ երրորդ կողմի, այդ թվում Թուրքիային վերազիջելու հնարավորությունը:
Նաև սա է պատճառը կամ հենց սա է պատճառը, որ Հայաստան այլևս որևէ լուրջ երկրից որևէ լուրջ պաշտոնյա չի այցելում, այցելողները մեկնում են կամ Մոսկվա, կամ Անկարա, որոնց միջև Հայաստանի հաշվով գոնե այս պահին ձևավորվել է «փոխշահավետ համագործակցության» մթնոլորտ: Այսինքն` Հայաստանից դուրս Հայաստանի մասին կարող են կայացվել ու կայացվում են որոշումներ, որովհետև Հայաստանում որոշումներ կայացնողն այդ իրավունքը պատվիրակել է այլոց Հայաստանում նոմինալ իշխանությունը պահպանելու զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջելու, բյուջետային միջոցները սեփական հայեցողությամբ ծախսելու, պարգևավճար ու ատկատ բաժանելու իրավունքի համար, վերջին հաշվով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: