168.am-ը գրում է․

«Հունիսի 20-ին ընտրությունների գնալու լուրից հետո կարծես թե փոխըմբռնում կար, որ ընտրությունների պետք է գնալ հին Ընտրական օրենսգրքով, որովհետև ժամկետները սուղ են նորն ընդունելու ու դրանով պատշաճ ընտրություններ կազմակերպելու համար: Դրանից հետո, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սկսեց ակտիվ լոբբինգ անել նոր օրենսգրքի օգտին: Մենք, բնականաբար, բացատրում էինք, որ նոր օրենսգիրքն ընդունելու ժամկետները ողջամիտ չեն: Հետո տպավորություն ստեղծվեց, որ իշխանությունները մտադիր են տեղի տալ ու ընտրությունների գնալ նոր օրենսգրքով»,- 168.am «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու վտանգների ու դրա ընդունման նպատակով քաղհասարակության որոշակի շրջանակների կողմից իշխանությունների վրա ճնշում գործադրելու մասին:

Նրա կարծիքով, թե՛ Դանիել Իոաննիսյանը, և թե՛ այն կազմակերպությունները, որոնք այս երկու տարիների ընթացքում իշխանության բոլոր մեղքերը քողարկել են, իրենց շահն ունեն նոր օրենսգրքով ընտրությունների գնալու պարագայում:

«Ես չգիտեմ՝ իրենց ուղղակի շահագրգռվածությունը որն է, բայց ակնհայտ է, որ իրենք շատ մեծ դերակատարում են ունեցել նոր օրենսգրքի ստեղծման հարցում, ինչը, անկեղծ ասած, չափազանցված և ոչ նորմալ ներգրավվածություն է եղել»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե զարմանում է, որ իշխանությունը կարող է որոշել մի բան, հետո տեղի տալ ճնշումներին ու մեկ այլ բան որոշել:

ԼՀԿ անդամն ասում է, որ, եթե այս օրենսգիրքն այսպիսի հում վիճակով ընդունվի, որովհետև այն մշակելու ժամանակ այլևս չկա, նոր և նոր ճգնաժամերն անխուսափելի են:

«Ընդհանուր լոբբինգի իմաստն այն է, որ լինի համամասնական ընտրակարգ, վերջում Փաշինյանին պարտադրեն ցուցակի որոշակի տեղեր տալ, որպեսզի իրենք բոլորն անցնեն»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ նոր Ընտրական օրենսգրքի տակ թաքցնում են այնպիսի բաներ, որոնց ձայնը հետո է լսվելու:

«Բոլորս հասկանում ենք, որ նոր խորհրդարանը լինելու է կոալիցիոն, և Փաշինյանը չի ունենալու մեծամասնություն: Իրենց կողմից կա ենթադրություն, որ կարող են զբաղեցնել առաջին տեղը: Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ, երբ ուժերն անցնում են խորհրդարան, կոալիցիաներ ձևավորել: 6 օր ժամանակ է տրվում, որ կողմերը միմյանց հետ քննարկումներ ունենան: Հիմա տեսեք՝ ինչ չի անցել հանրապետականների մտքով, որ անցել է Փաշինյանի մտքով: Ինքը, ենթադրելով, որ առաջին տեղում է լինելու, իրեն վերապահել է 14 օր ժամանակ, որ կարողանա մնացած բոլոր ուժերին համոզել, ճնշել, քրեական գործեր հարուցել ու հասնել ուզածին: 14 օր միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը կարող է բանակցել կոալիցիա կազմելու վերաբերյալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ «Լուսավոր Հայաստանը» կոալիցիա կազմի գործող իշխանության հետ, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ հետընտրական շրջանի մասին ընդհանրապես վաղ է համարում խոսել:

«Ես կարծում եմ, որ հետընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց առջև դնելու են մեկ խնդիր՝ ազատվել այս իշխանությունից և ձևավորել համազգային համախոհության կառավարություն: Այսինքն՝ դա չի լինելու մեկ անձի կամ մեկ ուժի կառավարություն, այլ ազգային համերաշխության կառավարություն: Հիմա այս կառավարության մեջ՝ ո՛չ ազգայինի իմաստով, և ո՛չ էլ համերաշխության, Փաշինյանը չկա և չի կարող լինել: Այսինքն՝ որևէ ուժ, որն առնչություն կունենա և կփորձի վերարտադրել Փաշինյանին, ուրեմն նա նպաստում է ապազգայինին և համերաշխության խաթարմանը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Պնդմանը՝ եթե, այնուամենայնիվ, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը որոշի կոլաիցիա կազմել Նիկոլ Փաշինյանի հետ, ո՞րն է լինելու իր քայլը, ինքն արդյո՞ք դուրս կգա կուսակցությունից, Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք բոլորն ունեն Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու դառը փորձառությունը:

«Այդ փորձառությունից մեր դասերը վստահաբար քաղել ենք, և համատեղ քաղաքական գործունեության որևէ քայլ կամ ճանապարհ ես իրենց հետ չեմ պատկերացնում: Ես չեմ կարող պնդում անել, որ դուրս կգամ կուսակցությունից, որովհետև, կարծում եմ, որ մեր կուսակցությունում որևէ մեկի մտքին նման բան չկա, այդ թվում և՝ պարոն Մարուքյանի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ճշտող հարցին, թե պնդո՞ւմ է, որ Էդմոն Մարուքյանը երբեք Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու չի գնա, նա պատասխանեց, որ ինքը վստահ է՝ բոլորը դասեր քաղել են, թե ինչպիսի աղետ էր Փաշինյանի իշխանությունը:

«Որևէ պարագայում Փաշինյանի վարչապետության դեպքում «Լուսավոր Հայաստանը» որևէ մասնակցություն չի ունենա այդ իշխանության մեջ»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել