Մաքենյաց վանքը միջնադարյան հայկական եկեղեցի է։ Գտնվում է Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում: Մատենագրական աղբյուրներում և վիմական արձանագրություններում վանքն հիշատակված է Մաքենոց, Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից և այլ ձևերով: Պատմական տեղեկությունները նրա մասին հասնում են մինչև VII դարը: Մովսես Կաղանկատվեցու վկայությամբ` վանքը մեծ համբավ է ձեռք բերում հատկապես Սողոմոն Գառնեցու վանահայրության տարիներին (760-ական թթ.): Արաբական արշավանքների ժամանակ եկեղեցու վանահայրերը ցրվում են այլ վանքեր, և Մաքենյաց վանքը կորցնում է իր նախկին փառքը:
Ավերումներից հետո` 788 թ., վանքը վերանորոգվել է, սակայն հիմնականում վերածնունդ է ապրել 9-րդ դ. երկրորդ կեսերին, երբ Գեղարքունիքի գահակալ իշխան է դառնում Գրիգոր Սուփան 2-րդը: 9-րդ դարի վերջում նա հիմնովին վերակառուցում է վանքի գլխավոր` սբ. Աստվածածին եկեղեցին և այստեղ կատարում ընդարձակ կառուցումներ: Իր այս կատարած գործերի մասին եկեղեցու արևելյան պատի վրա նա գրել է տվել մի մեծ արձանագրություն, որի բեկորներն են միայն պահպանվել: Պատմագիր Ստ. Օրբելյանը ժամանակին այն արտագրել է և տեղադրել իր աշխատության մեջ: Տաճարի պատերին պահպանվել են այլ վերանորոգումների, այդ թվում նաև 17-րդ դ. վերանորոգման մասին արձանագրություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: