Hraparak.am-ը գրում է.

Հայրենի ոստիկանությունը «մեկ անձից» գնման կարգով, այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու, միանգամից 44 մլն դրամի պայմանագիր է կնքել «ՖՎ & Գ» ՍՊԸ-ի հետ։ Հիշեցնենք, որ նախկինում գործող իշխանությունների կողմից մշտապես քննադատվել է խոշոր գնումները մեկ անձից գնման կարգով կատարելու կառավարության գործելավոճը, հիմա, սակայն, նույնը թույլ է տրվում իրենց օրոք, ինչպես նախկինում իրենց կողմից քննադատված շատ երևույթներ։ 

Ըստ պայմանագրում տեղ գտած տեխբնութագրի՝ «ՖՎ & Գ» ՍՊ ընկերությունը պետք է ծրագրային ապահովման ծառայություններ մատուցի ոստիկանությանը։ Մասնավորապես, այդ 44 մլն դրամի շրջանակներում ընկերությունը պարտավորվում է իրականացնել մարզերի կապուղիների սպասարկում, տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառավարում և սպասարկում 24/7 սխեմայով, աբոնենտների սարքավորումների սպասարկում թվով 115 հատ, ցանցային հանգույցների մոնիթորինգ, պատահարների գրանցում և վերլուծություն, VPN մեխանիզմների կիրառում, IOS ծրագրի պարբերաբար թարմացում և այսպես շարունակ։ Այս պայմանագրից պարզ է դառնում նաև, որ ոստիկանությունը ևս, փաստորեն, օգտվում է VPN ծրագրից։

Սա այն ծրագիրն է, որից օգտվելու և դրա միիջոցով Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անունով կեղծ էջը վարելու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել էր թվով չորս անձի, այդ թվում՝ հանրային գործիչներ Արա Սաղաթելյանին ու Կարեն Բեքարյանին։ ԱԱԾ-ի տրամաբանությամբ՝ ով օգտվում է VPN ծրագրից, նա կարող է հանդիսանալ ֆեյսբուքյան կեղծ օգտատեր։ Նույն տրամաբանությամբ՝ ԱԱԾ-ն կարող է նաև ոստիկանության համապատասխան աշխատակիցներին կամ ամբողջ ոստիկանությանն էլ ձերբակալի, քանզի նրանք էլ են օգտվում VPN-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել