Hraparak.am-ը գրում է.

Նախագահ Արմեն Սարգսյանն անհասկանալի դեգերումների մեջ է, մի կողմից առարկություններով հետ է վերադարձնում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի որոշումը, մյուս կողմից՝ փորձում է իրավաբանական աճպարարությունների միջոցով գլուխը պրծացնել պատասխանատվությունից եւ Սահմանադրական դատարանում վիճարկել ոչ թե իր կողմից մերժված եւ սահմանադրականության հետ խնդիրներ ունեցող միջնորդությունը, այլ այն օրենքի դրույթը, որի հիմքով վարչապետը որոշում է կայացրել։ Կիրակի օրը Արմեն Սարգսյանը կրկին հանդիպում է նախաձեռնել Հայրենիքի փրկության շարժման հետ, ավելի ճիշտ՝ միայն ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: 

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն ու Վահրամ Բաղդասարյանը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:

Թե ինչու է Արմեն Սարգսյանը հանդիպում նախաձեռնել, ապա ՀՓՇ-ից հրավիրել միայն Վահրամ Բաղդասարյանին, ինչ նոր ասելիք է ունեցել, դեռեւս հայտնի չէ։ Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահն է այդպես ցանկացել․ «Ինքն է ուզել, ես էլ գնացել եմ»։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին նախագահը հյուրընկալել էր ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին:

Ընդդիմադիրները նախագահից պահանջում են Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի միջնորդությունն ուղարկել Սահմանադրական դատարան։ Տասն օրից ավելի Բաղրամյան պողոտան փակ պահող ընդդիմադիրները հայտարարում են, որ նախագահը մինչեւ այսօր՝ մարտի 9-ը, ժամանակ ունի որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք․ փետրվարի 25-ին, երբ զինված ուժերի անունից հրապարակվեց Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջով,  Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը: Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով հրամանագրի նախագիծը հետ ուղարկեց, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։ Մարտի 2-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ինչպես նաեւ առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։ Մինչդեռ ընդդիմադիրները պահանջում են ՍԴ դիմել Փաշինյանի որոշման հիմքով։ Զրուցեցինք Վահրամ Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, նախագահ Արմեն Սարգսյանը նոր բան ունե՞ր Ձեզ ասելու, ինչո՞ւ էր նախաձեռնել հանդիպումը։

- Մենք նորից այդ հանդիպմանը պնդել ենք Հայրենիքի փրկության շարժման պնդումը, այն է, որ որոշումը չստորագրելն արդեն իսկ նշանակում է, որ ինքն ընդունել է՝ այդ որոշումը հակասահմանադրական է, իսկ ՍԴ-ի հետ կապված, մինչեւ օրինական ժամկետը, ինքը կարձագանքի։ Որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, բայց ինքն անպայման կարձագանքի մինչեւ սահմանված ժամկետը։

- Իսկ Արմեն Սարգսյանն ի՞նչ առարկություններ ունի, ինքը չի՞ ընդունում ձեր պնդումը, որ եթե չի ստորագրել Փաշինյանի որոշումը, առարկել է դրան, ապա հաջորդ քայլը պետք է լինի ՍԴ դիմելը կամ չդիմելը։ Նկատի ունեմ՝ ինչի՞ շուրջ է բանակցում ընդդիմության հետ, որ մի քանի անգամ հանդիպում է կազմակերպում։

- Մենք էլ դա ենք ներկայացնում, որ ինքը պարտավոր է դիմել ՍԴ՝ հենց այդ որոշման հիմքով, եւ վիճարկի Օնիկ Գասպարյանի ազատման որոշման հակասահմանադրականությունը։

- Նախագահի իրավաբանները գուցե ա՞յլ բան են հուշել, ի՞նչ պատասխանեց ձեզ։

- Ասաց, որ դեռ ժամանակ ունի, որոշակի ճշտումներ է անում, անպայման կարձագանքի, ավելին չեմ կարող մանրամասնել։

- Մի փոքր տարօրինակ է, որ ՀՓՇ-ից միայն Ձեզ հետ է հանդիպումը տեղի ունեցել, կարծեմ՝ երկու անգամ․․․

- Մենք մի անգամ բոլորս հանդիպում ենք ունեցել, հետո իր ցանկությամբ՝ ցանկացել է ինձ հետ հանդիպել՝ հանդիպել ենք, որոշակի հարցերի հետ կապված ճշտումներ ենք արել, երեք անգամ ենք հանդիպել, հիմա սպասում ենք պատասխանի։

- Իսկ ինչո՞ւ հենց Դուք, ոչ, ասենք, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

- Չեմ կարող ասել, նախագահի ցանկությունն էր։

- Ջերմ կապե՞ր ունեք՝ անցյալով պայմանավորված։

- Բացարձակապես, միայն աշխատանքային եւ պաշտոնական կապեր։

- Օնիկ Գասպարյանի մնալ-չմնալու հարցն ինչպե՞ս կանդրադառնա ՀՓՇ-ի հետագա գործողությունների վրա։

- Անկախ ցանկացած ելքից, շարժումը պիտի շարունակի իր գործունեությունը, մինչեւ հասնի իր հռչակած նպատակի իրագործմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել