«Իսկանդերի» շուրջ աղմուկում, երբ ի վերջո պարզվեց, որ այն եղել է լիովին մարտական վիճակում, մոռացվեց հիմնական հարցը՝ «իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չի գործածվել»։
Դրան զուգահեռ, աննկատ մնաց մեկ այլ կարևոր իրադարձություն․ հունվարի վերջին Բաքուն և Աշգաբադը նաև Անկարայի անտեսանելի ջանքերով հուշագրի ստորագրմամբ համաձայնության եկան Կասպից ծովի նավթի հանքավայրերից մեկի՝ վիճելի «Սարդարի» (Բաքվում այն կոչում էին «Քափազ») շուրջ, որն այսուհետ շահագործվելու է համատեղ և կրելու է «Դոստլուղ» («Բարեկամություն») անունը։
Հանքավայրը այն գայթաքարն էր, որտեղ այնքան խիստ էին բախվում Ադրբեջանի և Թուրքմենստանի շահերը, որ 2000-ականների սկզբին նույնիսկ փակվում էր վերջինիս՝ Բաքվի դեսպանատունը, իսկ երկկողմ մշտական վեճի պայմաններում մասնակիորեն վտանգվում էր նաև աշխարհաքաղաքական հստակ ուղղվածությունն ունեցող Անդրկասպիական գազամուղի միջազգային ծրագիրը։
Այս ամենի համատեքստում Երևանի տրամադրության տակ եղած մարտական «Իսկանդերը» ամենևին էլ սովորական ռազմական հրթիռ չէ։ Ամենածանր պայմաններում հենց դրա կիրառությամբ պետք էր փորձ կատարել փոխել իրավիճակը ոչ միայն մարտադաշտում, այլ նաև միջազգային «խաղադրույքներում»՝ փաստելով, որ Հայաստանն է այն վերահսկիչը, որի բարի կամքից է կախված լինելու նավթի և գազի անվտանգ տեղափոխումը Հարավային Կովկասի տարածաշրջանով։
Ուստի շատ կարևոր է ստանալ բանական պատասխան «իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չի գործածվել» հարցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել