Նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԳԱԱ ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս:
Ծնվել է Նոր Նախիջևանում։ Սարյանի նախնիները եղել են անեցիներ և գաղթելով Ղրիմ՝ մասնակցել են տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Մ. Սարյանը 1895թ. ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան ուսումնարանը, 1897-1904թթ. սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901թ. առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902թ.՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, որը վճռական ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքի ու ստեղծագործական ներաշխարհի ձևավորման վրա։ Այնուհետև երկու տարի կատարելագործվել է Վ. Սերովի և Կ. Կորովինի արվեստանոցներում, մոտիկից շփվել ժամանակի ռուս նշանավոր մտավորականների հետ։ Ստեղծագործության առաջին շրջանում «1904-1919» Սարյանը ստեղծել է մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։ 1907թ. նա «Գոլուբայա ռոզա» ցուցահանդեսին է ներկայացրել «Հեքիաթներ ու երազներ» ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը, որտեղ պատկերվող բոլոր առարկաներն ու արարածներին մեկնաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագայթման ներքին զորությամբ օժտված ոգի-էակներ։ Սարյանի մոտիվները պատմողական չեն։ Իսկ նրա պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու և մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտում։ Ստեղծագործական 2-րդ շրջանի «1910-ական թթ.» գործերը («Կ. Պոլիս։ Փողոց։ Կեսօր», 1910թ., «Փյունիկյան արմավենի», 1911թ., «Եգիպտական գիշեր», 1911թ., «Գ. Լևոնյան», 1912թ., «Ա. Ծատուրյան», 1915թ., «Ծաղիկներ», 1916թ. և այլն) թեմատիկայով ֆանտաստիկ չեն, այլ կոնկրետ-իրական։ 
1915թ. Մեծ եղեռնի օրերին Սարյանն աշխատել է Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում։ Մեկնել է Էջմիածին։ Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ ջանքեր է գործադրել Հայաստանում ապաստանած փախստականներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Տեսածի ծանր տպավորությունների տակ հոգեկան ցնցում է ստացել, Թումանյանի հանձնարարությամբ տեղափոխվել Թիֆլիս, հիվանդանոց։ 
1916թ. Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է հայ արվեստագետների միության ստեղծմանը։ 1921թ. նշանակվել է նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ։ Հ. Կոջոյանի հետ ստեղծել է Խորհրդային Հայաստանի զինանշանը, ընտրվել Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության առաջին նախագահ։
1928թ. Փարիզում բացվել է Սարյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը հայրենիք տեղափոխող «Ֆրիժի» նավի վրա բռնկված հրդեհից այրվել է նկարների մեծ մասը։ 
1937թ. Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսում ստացել է Մեծ մրցանակ։ 1923-ից սկսած ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ («Հայաստան», «Լեռներ։ Հայաստան», «Եղիշե Չարենց», «Թ. Թորամանյան», «Ս. Մալխասյան» և այլն)։ 1961թ. «Իմ հայրենիքը» նկարաշարի համար Սարյանն արժանացել է Լենինյան մրցանակի։ Սարյանն ունի նաև բեմանկարչական գործեր, որոնք բնորոշվում են կոթողայնությամբ, առանձնանում են էպիկական հզոր ուժով։ Մեծ նկարիչը ձևավորել է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար», Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» և այլ ստեղծագործությունների բեմադրությունները: 1941թ. նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով։
«Մարդն ինքը բնությունն է, բնությունը՝ մարդը։ Մահ չկա՜։ Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին»։
Մ. Սարյան
Մ. Սարյանի հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1986թ. մայիսի 19-ին, իր անունը կրող փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում: Հանդիսավոր հավաքը ներածական խոսքով բացեց Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ Է. Ավագյանը: Խոսք ասացին նկարիչ Ս. Մուրադյանը, Մ. Սուքիասյանը («Հայէլեկտրամեքենա» միավորման բանվոր), պրոֆեսոր Ա. Կամենսկին Մոսկվայից, Մ. Սարյանի որդին` Ղ. Սարյանը (Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր), Շ. Խաչատրյանը (Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն)։
Արձանի նյութը` մարմար է, բարձրությունը 6 մ, քանդակագործ` Լևոն Թոքմաջյան (տես` Նոյի արձանը), ճարտարապետ` Արթուր Թարխանյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել