Armeniasputnik.am-ը գրում է.

Փաշինյան-Պուտին երեկվա խոսակցությունից հետո տարբերություններ նկատվեցին դրա վերաբերյալ հաղորդագրություններում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե դուք ուշադիր նայել եք այն տեքստը, որ մենք ենք հրապարակել, դուք հավանաբար հնարավորություն եք ունեցել կարդալ այն հատվածը, որտեղ Ռուսաստանի նախագահն արտահայտվել է օրենքի շրջանակում խնդրի կարգավորման օգտին։ Դա շատ կարևոր է։ Մեր կողմից բավական լիարժեք ձևակերպում է տրված, որը բավականաչափ տեղեկատվական է»,- ասել է Պեսկովը պատասխանելով հարցին, թե ինչու են տարբերվում հայկական ու ռուսական կողմերի ձևակերպումները Պուտին-Փաշինյան երեկվա հեռախոսազրույցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի կառավարության կայքում հաղորդագրություն է տեղադրվել հեռախոսազրույցի մասին, որտեղ նշված էր, որ «նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ այդպիսի արտահայտություն չկար։ Նշվում էր, որ «Պուտինը կոչ է արել պահպանել կարգուկանոնն ու հանգստությունը Հայաստանում, իրավիճակը կարգավորել օրենքի շրջանակում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել