2021-ի հունվարի վերջին երբ մատնանշում էի Թուրքիայի իշխանության կողմից ՀՀ վարչապետին անվերապահ աջակցությունը, ֆաշիստական «Գորշ գայլերի» ներկայացուցիչների կողմից ինձ անձնական նամակներով դրական գնահատականները Նիկոլ Փաշինյանի մասին, շատերը կասկած էին հայտնում, թե հնարավոր չէ։ Փաստ՝ (հղումն այստեղ)։
Թուրք գործընկերներս ու ծանոթ քաղաքական գործիչները այսօր էլ շարունակում են անձնական շփումներում պնդել, որ ՀՀ վարչապետը լավագույն տարբերակն է իրենց համար, քանի որ նա ընդառաջ քայլ է անում Թուրքիայի տարածաշրջանային շահերի սպասարկման առումով, ինչը, ըստ թուրքական կողմի, շահեկան կլինի նաև Հայաստանի համար։
Դուք կարծում եք, Թուրքիայի ԱԳ նախարարը կամ նախագահի ներկայացուցիչը մտահոգվա՞ծ են Հայաստանի կայունությամբ, երբ 2021թ․ փետրվարի 25-ին հայտարարում են, թե աջակցում են ՀՀ ընտրված իշխանությանը։ Իրականում նրանց անհանգստացնում է սահմանի ճակատագիրը․ չէ՞ որ Թուրքիայի համար պատմական հնարավորություն է ստեղծվել՝ բացելով ՀՀ-ի հետ սահմանը՝ տնտեսական էքսպանսիայի ենթարկել մեզ և փաստացի գրավել երկիրը առանց զենքի՝ կարճ ժամանակում տարածաշրջանից հեռացնելով նաև ռուսական գործոնը։
2020թ․ դեկտեմբերից մինչև օրս ՀՀ իշխանության առնվազն 5 ներկայացուցիչների և նրանց հովանավորների հետ խոսել եմ այս մասին, մատնանշել հայկական պետականությանը սպառնացող վտանգները։ Այդ մարդկանց, սակայն, հետաքրքրում է միայն բիզնեսը և Հայաստան մտնող փողի քանակը, Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու հեռանկարը՝ առանց խորը հաշվարկելու, թե ինչի կարող է վերածվել երկիրը, եթե բոլոր առումներով անպաշտպան Հայաստանը այսօրվա մի քանի մլրդ-ի մուտքի համար բացվի Թուրքիայի առաջ։
Կրկնում եմ հազարերորդ անգամ՝ արդեն հրապարակային։ Թուրքիայի սահմանը վաղ թե ուշ կբացվի, բայց ոչ այսօր և ոչ այսօրվա պայմաններում։ Հասկանում եմ, որ Շուշին ու Հադրութը զոհաբերվեցին հենց դրա համար, որ հենց դա էր Թուրքիայի պահանջը՝ սահմանը բացելու և տնտեսական մեծ քանակի մուտքեր ապահովելու դիմաց։ Մեր երկրում մեծ քանակի փողի մուտքը, թուրքական կապիտալի շնորհիվ ստեղծվող աշխատատեղերը, ըստ ՀՀ իշխանության, կարող է մեղմացնել հանրային դժգոհությունը և ապահովել իրենց կառավարումը տևական ժամանակ։ Բայց այդ մարդիկ կամ չեն հասկանում պետականությանը սպառնացող վտանգը, կամ հասկանում են, բայց իրենց հետաքրքրում է միայն պոպուլիզմը և փողի քանակը։
Կուզեի հավատալ, որ չեն գիտակցում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158113115458831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել