«168 ժամը» ներկայացնում է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հոդվածը։
«Գագիկ Սողոմոնյան ֆեյքը Նիկոլ Փաշինյանի կրեատուրան է։ Նա շատ նման է Նիկոլին․ նրա նման հայհոյախոս, նրա նման անպատասխանատու, նրա նման օդից վերցրած լուրերով ստեղծագործող և նրա նման՝ իր հավաքած լայքերը գոյության իմաստ դարձրած։
Մինչնիկոլյան Հայաստանում Գագիկ Սողոմոնյանի գոյությունն անհնար էր․ նախ, կային պետական ինստիտուտներ և ազատ լրատվամիջոցներ, Ֆեյսբուքը և այլ սոցիալական ցանցերը երկրորդական, մարգինալ նշանակություն ունեին թե՛ պետական կառավարման համակարգի համար, թե՛ որպես տեղեկատվության աղբյուր, թե՛ որպես հանրային կոնսոլիդացիայի և մոբիլիզացիայի միջոց։ Նիկոլ Փաշինյանն էր, որ պետական բոլոր գործիքները փոխարինեց Ֆեյսբուքով՝ մի բանով, որ ըստ էության իր վերահսկողությունից դուրս է։ Նա հույս ուներ հայտնի իր ՊՈԱԿ-ով և բազմամիլիոնանոց ֆինանսավորումով այլ ֆեյքագործարաններով վերահսկել Ֆեյսբուքի հայկական տիրույթը, բայց դա հիմար մտայնություն էր՝ հիմնականում թիրախում ունենալով իր պողոսներին։
Եվ հանկարծ պողոսապետի դեմ դուրս է գալիս մի ֆեյք, որը խոսում է մարդկանց, այդ թվում նաև՝ պողոսների հետ այն լեզվով, որին նրանց սովորեցրել է Նիկոլը, տալիս է այն որակի լուրեր, որ տալիս էր Նիկոլը, կրում է այնքան պատասխանատվություն, որ կրում է Նիկոլը։ Բնական է, որ նման ֆեյքը ոչ միայն կարող էր մրցակցել նիկոլական ֆեյքերի հետ, այլև հաղթել նրանց․ տվյալ դեպքում կարևոր է ոչ այնքան քանակը, որքան որակը։
Մինչնիկոլյան Հայաստանում հայհոյանքը մերժված էր՝ որպես հանրային հաղորդակցման լեզու։ Ոչ միայն իշխանության և նրա քննադատների կողմից հայհոյանքը չէր ընկալվում՝ որպես ընդդիմախոսության ընդունելի լեզու, այլև հանրային բարոյականությունը չէր ընդունում այդ ոճը։
Մինչնիկոլյան Հայաստանում Գագիկ Սողոմոնյան ֆեյքն իր հայհոյախոսությամբ շատ արագ կմարեր, և ոչ թե կշարունակեր իր լայքահավաքը՝ իր հաղթարշավը, ֆեյսբուքյան լանդշաֆտում։
Մինչնիկոլյան Հայաստանում կեղծիքը մերժված էր, մարդիկ ասած խոսքի համար նաև ապացույցներ էին պահանջում։ Երբ Նիկոլ-լրագրողը դարձավ Նիկոլ-վարչապետ, որևէ բան չփոխվեց նրա գործելա- և խոսելաոճում։ Նա շարունակեց կեղծ լուրեր տարածել, սուտ խոստումներ տալ, և դրա վրա կառուցեց իր ողջ ներքին քաղաքականությունը (օբյեկտիվ պատճառներով՝ արտաքին քաղաքականությունը դրա վրա կառուցել հնարավոր չէր, այլապես հիմա դրախտում էինք)։ Սուտը և կեղծիքը դարձան պետական քաղաքականության հիմնական գործիք, և զարմանալի չէ, որ դրանից օգտվում էին ոչ միայն նիկոլականները, այլև այլք, այդ թվում և՝ Գագիկ Սողոմոնյանը։ Ու զարմանալի չէ, որ Գագիկ Սողոմոնյանին մարդիկ հավատում էին նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանին․ հենց սա է Նիկոլի կերտած իրականությունը։
Նաև, ամենևին զարմանալի չի լինի, երբ պարզվի, որ իր խոստացած վիդեոները Գագիկ Սողոմոնյանը դեռ չի դնում, քանի որ Նիկոլ Փաշինյանի նման փորձում է դրանով շանտաժ անել օգտատերերին և ուղղակի փող կպցնել՝ նույնիսկ ոչ հանուն փողի, այլ հանուն Նիկոլի հետ բացարձակ կոնգրուենտության։
Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը ստացել է իր ստեղծագործության բնական արդյունքը՝ իրեն, իր ընտանիքին և իր քաղաքական թիմին հայհոյող ֆեյք Գագիկ Սողոմոնյանին։ Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր այդ անբարենպաստ գործոնը դարձնել իր գործիքը։
Նիկոլն օգտագործեց Գագիկ Սողոմոնյանի գործոնը՝ իր քաղաքական քննադատների նկատմամբ գործ կարելու համար։
Նախ՝ շուտափույթ պատրաստվեց հանրային ծառայողին վիրավորելը քրեականացնելու մասին օրենքը։ Հետո՝ Կարեն Բեքարյանի և Արա Սաղաթելյանի նկատմամբ գործ կարվեց կապված հայտնի ֆեյք Գագիկ Սողոմոնյանի հետ, բայց ներկայացվեցին այլ, բացարձակ անհեթեթ մեղադրանքներ։
Նաև՝ երբեմնի ահարկու ԱԱԾ-ն այս գործով դարձավ բացարձակ անուժ փալաս։ Եվ եթե Սյունիքի մասին ասում էին, որ ԱԱԾ-ն ունի բացառիկ իրավունք տեղի իրավիճակի մասին տեղեկատվություն տալու, եթե ԱԱԾ-ին պետք է զանգեիր Սյունիքի ճամփեքին գերի ընկնելու դեպքում, և, ընդհանրապես, ԱԱԾ-ին առանձնահատուկ դեր էր վերապահված Սյունիքի անվտանգության հարցում, ապա այս ֆեյքի գործով նսեմացած ԱԱԾ-ն այլևս չի կարող հավատ ներշնչել սյունեցուն՝ որպես իր անվտանգության երաշխիք։ Սա կարևոր գործոն է դառնում Սյունիքը դատարկելու հարցում, որը կարծես թե Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունների մեջ է տեղավորվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: