Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք ձերբակալված կամ մեղադրվող անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Նախ նշեմ, որ քաղաքական հետապնդումն ամենևին չի նշանակում, թե չպետք է գործ ունենանք քրեական օրենքի հետ: Առանց դրա քրեադատավարական հարկադրանք (կասկածյալ, ձերբակալում, մեղադրանք, կալանք և այլն...) չի կարող կիրառվել:
Քննարկենք մեկ օրինակ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանությանը քննադատող քաղաքացի Ա.Բ.-ն պարբերաբար ֆեյսբուքում իր հրապարակումներով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Այդ արարքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում հատուկջոկատայիններն այցելում են քաղաքացի Ա.Բ.-ի բնակարան և վերջինիս ձերբակալում: Հետո մեղադրանք են առաջադրում և կատարում անհրաժեշտ քննչական գործողություններ:
Այդ նույն ժամանակահատվածում (նույնիսկ ավելի վաղ սկսելով) իշխանություններին պաշտպանող, ամեն օր իշխանահաճո գրառումներ կատարող քաղաքացի Ն.Փ.-ն նույնկերպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Սակայն որևէ իրավապահ մարմնում այս դեպքի առթիվ որևէ վարույթ չի հարուցվում, անգամ ձևական ուսումնասիրություն չի կատարվում, իսկ այդ քաղաքացին մնալով անպատիժ, վայելելով իշխանությունների սերն իր հանդեպ, շարունակում է ավելի լկտիանալ ու սկսում է ֆեյսբուքում անբարոյական գրառումներ կատարել ընդդիմադիր կին գործիչների հասցեին:
Հենց այս օրինակով հաստատվում է, որ քաղաքացի Ա.Բ.-ի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում: Առավել ևս, որ ԱԱԾ-ում նույնիսկ քննության ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվում, որ նշված քաղաքացին անձամբ կատարել է քրեորեն պատժելի արարք, քանի որ նրան մեղսագրվող արարքն իբր նա կատարել է կեղծ օգտահաշվի միջոցով: Մինչդեռ քաղաքացի Ն.Փ-ի դեպքում դա բացահայտ է, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը նա կատարել ու կատարում է հենց իր օգտահաշվով: Նույնիսկ՝ ուղիղ եթերում:
Ի դեպ, այս կանոնն իմ բացահայտումը կամ հայտնագործությունը չէ, այն տեղ է գտել միջազգային բազմաթիվ փաստաթղթերում:
Հասկանալու համար այդպես է արդյոք Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Նարեկ Մալյանի և այլ անձանց դեպքում, արդյոք նրանց նկատմամբ իրականացվողը հենց քաղաքական հետապնդում է, թե ոչ՝ բավարար է կարդալ սույն գրառմանը կցված նյութերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1620610338148749
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել