Պատերազմի հետևանքով Արցախում տուն կորցրած մեր հայրենակիցներին ՀՀ ոստիկանությունը նաև տուգանում է․
2020թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Արցախի այն քաղաքացիները, որոնց բնակավայրերը թշնամին գրավել է, և մարդիկ ստիպված դուրս են եկել իրենց բնակավայրերից՝ ժամանակավորապես տեղափոխվելով ՀՀ, երբեմն քաոսային տեղաշարժի ժամանակ թույլ են տվել ճանապարհատրանսպորտային խախտումներ, մեծ մասամբ՝ առանց վթարների։
Այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ, իրենց տարիների քրտինքով վաստակածը, մեքենաները վարել են գիշերային ժամերին, հոգնած, վախեցած, մեծ մասամբ կանայք ու երեխաներն են եղել ղեկին։
Արցախի ազատության համար զոհված երկու եղբայրների հայրը՝ Արցախցի հրապարակախոս Միքայել Հաջյանը այսօր նեղսրտած ու բարկացած պատմում էր, որ Ստեփանակերտի փոստային բաժանմունքներում հազարավոր նամակներ կան ՀՀ ճանապարհային ոստիկանությունից՝ տեղի մեր հայրենակիցներին պարտադրելով տուգանք վճարել նույնիսկ աննշան խախտումների, ինչպես, օրինակ, 3կմ/ժ արագությունը գերազանցելու համար։
ՀՀ ոստիկանությունը դեռևս 2020-ի դեկտեմբերին է կառավարությանն առաջարկել տույժերի համաներման մասին օրենք ընդունել՝ շեշտելով Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի կիրառումը՝ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված։ Վարչապետը հրապարակային մակարդակում, իհարկե, համաձայնել է, նույնիսկ հանձնարարել արագ լուծում տալ։ Եվ վերջ։
Պոպուլիզմի դասական կանոնների համաձայն, կարևորը՝ ասվեց, մարդիկ խաբվեցին, պետք է մոռանալ ասվածի մասի։ Ոստիկանությունը շարունակում է տուն և ունեցվածք կորցրած Արցախի բնակիչներին տուգանքների մասին նամակներ ուղարկել։
Լավ, ուզում եմ հասկանալ՝ ՀՀ իշխանության ամենավերևում կանգնածների մեջ մարդկային որևէ նշույլ մնացե՞լ է։ Այդքա՞ն են ատում Արցախը, որ ամեն կերպ ցավ են պատճառում այնտեղ ապրող մեր հարազատներին։
Իշխող խմբակցության պատգամավորները ամեն տեսակի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, արդյո՞ք Արցախի մեր հայրենակիցները ձեզ համար այդքան երկրորդական են, որ անտեսել եք ոստիկանության առաջարկած օրենքը։
Մի բան լավ հիշեք՝ Արցախցիները իրենց տներն են կորցրել, դա նյութական է, կվերականգնվի բռունցքով կամ բահով, բայց դուք ձեր հոգին եք կորցրել, դա երբեք չի վերականգնվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158101950013831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել