Միանգամից ասեմ՝ մի՛ շտապեք վերնագրից եզրակացություններ անել։ Ես երբեք չեմ համակրել Նիկոլին, միշտ համարել եմ նրան ստահակ, մանրախնդիր, մանիպուլյանտ, իսկ 2018 թվականից հետո՝ հանցագործ և դավաճան։ Այս առումով ոչինչ չի փոխվել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցից հետո։
Երկու օր է՝ այդ հարցազրույցը մամուլի ու սոցցանցերի մեյնսթրիմ թեման է և մեծ հույզեր է առաջացրել։ Շատ-շատերը դատողություններ են անում, որ եթե Սերժ Սարգսյանն ավելի վաղ այսքան մանրամասն ու անկեղծ խոսեր, ապա գուցեև Նիկոլ չլիներ։ Ոմանք ասում են, որ պետք է իր պաշտոնավարման տարիներին խոսեր, ոմանք ասում են, որ պետք է ցույցերի ժամանակ խոսեր, ոմանք էլ 2018-2020 միջակայքն են նշում։
Ես սկզբունքորեն չեմ առարկում այն պնդումը, որ ժողովրդին պետք է միշտ ասել ճշմարտությունը, որքան էլ այդ ճշմարտությունն անհրապույր և դառը լինի, բայց վստահ եմ, որ նման անկեղծությունը գրեթե ոչինչ չէր փոխելու։ Ի սկզբանե ահավոր անպտուղ բան է պատմության մասին ռետրոսպեկտիվ դատողություններ անել ու քննարկել, թե ինչ կլիներ, եթե այսինչ բանն այսպես արվեր, այնինչ բանն այսպես չարվեր, որովհետև ամեն ինչը, որ արվել է, արվել է, ինչը չի արվել, չի արվել, ու ոչինչ չի կարող հետ շրջել ժամանակի անիվը։
Ինչևէ, եթե հիպոթետիկորեն ենթադրենք, որ հնարավոր էր Սերժ Սարգսյանին ժամանակի մեքենայով ուղարկել անցյալ՝ ձեր նշած ժամանակահատվածները, ապա, միևնույն է, այսօր հետին մտքով իմաստուն դարձածների բացարձակ մեծամասնությունը չէր դառնալու իմաստուն։ Ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանի խոսքում անկեղծությունն էր քիչ, տրամաբանությունն է կաղում, Նիկոլն էր ավելի ազնիվ, այլ նրա համար, որ այս ողջ ողբերգության արմատներից մեկն այն է, որ այդ բացարձակ մեծմասնությունն առաջնորդվել ու առաջնորդվում է ոչ թե ռացիոնալ տրամաբանական դատողությամբ, այլ էմոցիաներով։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանին էին ատում, դրա համար պատրաստ էին հավատալ ամեն ցնդաբանության և հերքել ամեն ակնհայտ ճշմարտություն, հիմա սկսել են Նիկոլին ատել, և դրա հետևանքներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանին ավելի ուշիմ են լսում և ավելի են ազդվում նրա բերած փաստերից և փաստարկներից։
Աբստրակտ չլինեմ ու կոնկրետ դրվագներ հիշեցնեմ, երբ Նիկոլը աչք ծակող, աղաղակող, հավատալու համար անհնար թվացող ստեր է ասել, և ստվար բազմություններ դրանք ընդունել են բիբլիական պատվիրանների պես։
Օրինակ՝ դուք սիրահոժար հավատում էիք, որ Նիկոլը պայմանավորվաություններ է ձեռք բերել սփյուռքի հետ, որոնց արդյունքում հեղափոխություն կոչվածից հետո այնքան ներդրումներ կլինեն, որ տնտեսական աճը 30% կկազմի։ Աբսուրդ էր, բայց դուք հավատում էիք։
Օրինակ՝ դուք սիրահոժար հավատում էիք, որ հնարավոր է բանակն ու հրամկազմը վարկաբեկելով, տռուսիկ-ելակ խաղացնելով, Պատրոն Դավոյի համար բացառիկ պայմաններ ստեղծելով բանակ հզորացնել և փակել «80-ական զենքերի ամոթալի էջը»։ Աբսուրդ էր, բայց դուք հավատում էիք։
Օրինակ՝ Արման Սաղաթելյանը բերեց և Նիկոլի ու ձեր աչքը մտցրեց թերթի այն համարը, որտեղ Նիկոլը սևով սպիտակի վրա գրել էր, որ ազատագրված տարածքները հանձնելու ենք, և դրանք ուրիշինն են։ Հիշեցնեմ՝ Նիկոլը հերքել էր, որ երբևէ նման բան է ասել։ Սաղաթելյանը թերթի բնօրինակն էլ բերեց, բայց դուք, մեկ ա, Նիկոլին էիք հավատում։
Այսպիսի օրինակներ կարող եմ թվարկել անվերջ, բայց այսքանն էլ հերիք է, որ ես պնդեմ, որ նույն հաջողությամբ դուք հերքելու էիք Սերժ Սարգսյանի բերած ցանկացած փաստարկ ու ինֆորմացիա, եթե նա դա աներ 1, 3, 5 կամ 10 տարի առաջ։ Հերիք է, որ պնդեմ, որ Նիկոլն, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Ճիշտ էր մեր հասարակությանը ուղնուծուծով ճանաչելու հարցում։
Նա հասկանում էր ու հասկանում է, որ միջին վիճակագրական հայը ոչ թե ճշմարտության քաղց ունի, այլ ինքնախաբեության և չհիմնավորված ամբիցիաների։
Նա հասկանում էր ու հասկանում է, որ միջին վիճակագրական հայը ոչ թե պետություն է ուզում, այլ բիբլիական Եդեմ և, ըստ այդմ, ոչ թե ղեկավարների որոնումների մեջ է, այլ մեսսիաների, որոնք ոչ թե թիմային ու ինստիտուցիոնալ ջանքերով դրական արդյունք կապահովեն, այլ կախարդական փայտիկով։
Այո՛, Նիկոլն այս առումով ճիշտ է, իսկ Սերժ Սարգսյանը սխալվել է, և Սերժ Սարգսյանն էլ, մնացածս էլ հա էլ սխալվելու ենք, քանի դեռ չենք կոտրել հայ մարդու ինքնախաբեության մոլուցքի և դրան սնուցող պոպուլիզմի պարադիգմը։ Հայ մարդուն պետք է ասել ճշմարտությունը և միայն ճշմարտությունը և չվախենալ դրա ոչ պոպուլյար լինելուց։
Այսօրվա ակտուալ ճշմարտությունն այն է, որ այն փակուղուց, որտեղ մտցրիք բոլորիս Նիկոլի դուդուկի տակ պահելով, հնարավոր չէ դուրս գալ հեշտությամբ և անկորուստ։ Ելքը լինելու է մաքառումներով, զրկանքներով և կորուստներով, այն տևելու է երկար, ու առաջին էական պտուղներն իր վրա զգալու է արդեն հաջորդ սերունդը, և այդ ելքը միակն է։ Ուզեք սա, թե ոչ, բայց ելքն այդպիսին է, և հեշտ ելքեր խոստացողները պարզապես նոր Նիկոլներ են ու ձեզ ու մեզ բոլորիս տանելու են կործանման։