Panorama.am-ը գրում է.

«Զորամասում էի, Հադրութում, սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ 7 անց 15-ի սահմաններում էր, վաշտը շարել էի, որ ճաշարան գնանք, սմերչը խփեց Հադրութ քաղաքին: Արագ թաքստոց իջանք, ամբողջ օրը ռմբակոծում էին, ինտենսիվ գործողություններ էին ընթանում, ջոկերով արագ զինվել ու բարձրացել ենք դիրքեր, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը»,- Jnews-ի հետ զրույցում պատմել է ծնունդով Ջավախքից ավագ լեյտենանտ Գրիգոր Համբարյանը։  

«Սկզբից, որ դիրքերում չէի, միտքս անընդհատ առաջնագծում էր, թե ինչ է կատարվում, չնայած կապի միջոցով լսում էի որոշ բաներ: Հենց առաջին օրը մեր գումարտակը թշնամու 4 զրահատեխնիկայից 3-ը խոցեց, մեկը կարողացավ նահաջել: Մենք բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել»,- շարունակել է նա:

26-ամյա զինվորականի համար պատերազմը սպասելի է եղել՝ Ադրբեջանը զորավարժություններ էր անցկացնում:

«Ինձ համար շատ հետաքրքիր է, թե Հադրութ քաղաքը ոնց գրավեցին, հակառակորդին հաջողվել էր առանց լուրջ մարտեր վարելու վերցնել քաղաքը: Իսկ մեր մարտական դիրքը հակառակորդի համար անհասանելի էր, մեր թիկունքը թույլ էր, իսկ առաջնային գիծը շատ ամուր, ու դա մեր հրամանատարական կազմի շնորհիվ էր: Պրոֆեսիոնալ հրամանատարական կազմի շնորհիվ մեր դիրքը շատ ամուր էր, ուղղակի երբ քաղաքը վերցրին և հակառակորդը արդեն բոլոր կողմերից հարձակվում էր, մենք չէինք կարողանում պահել դիրքը: Մենք մի կողմից ելք ունեինք, դեպի Մարտունի, որտեղով էլ դուրս ենք եկել հոկտեմբերի 28-ին, 32 օր մեր դիրքը պահելուց հետո հակառակորդը հայտնվել էր մեր թիկունքում, գրավել էր, մտել Ջաբրայիլի հատվածից, մենք այլ ելք չունեինք, անհնար էր…»,- նշել է նա։ 

Քառօրյա պատերազմի ժամանակ Գրիգորը կուրսանտ է եղել: Իրադարձությունների բերումով Վազգեն Սարգսյանի անվան վարժարանի սանը վերապատրաստման նպատակով Արցախում էր գտնվում, ավելի կոնկրետ Հադրութում, ինչպես այս պատերազմի ժամանակ:

«Թույլ չենք տվել հակառակորդի առաջխաղացումը թիկունք, լավ կլիներ այդ ժամանակ պատերազմը  շարունակվեր, ոչ թե կանգներ»,- նշել է նա։ 

44-օրյա այս պատերազմը, սպայի խոսքով, այնքան ինտենսիվ էր ընթանում, այնքան շատ էր ԱԹՍ-ների կիրառությունը, որ իրենց շատ հաճախ չէր հաջողվում նախահարձակ լինել: Կռվել են Արցախի հերոս Շաքարյանի հրամանատարության ներքո, ունեցել են և հաջողություններ, և անհաջողություններ։

Փոքրուց Գրիգորը մեծացել է Արցախյան առաջին պատերազմի մասին հոր պատմությունները լսելով. «Հայրս առաջին Արցախյանի մասնակից է, միշտ պատմում էր, ասում՝ գոյություն ունի հայրենիք, ազգ, որը սրբություն է, պետք է ամուր պահել, միշտ ասում էր այսօր Շուշին ենք ազատագրել, ինքնակազմակերպվել ու հարձակվել, և այլն, և այլն»:

Գրիգորն ընդգծել է՝ մի բան է լսել Սումգայիթի ջարդերի, ցեղասպանության, Արցախի կռվի մասին, մեկ այլ՝ երբ ինքդ ես կռվում: Արյունը մեջդ եռում է, անընդհատ մի ձայն քեզ ասում է՝ վրեժ…

«32 օր Հադրութում եմ եղել, 2-3 օր հանգստանալուց հետո բարձրացանք Շուշի, ամսի 5-ից մինչև 8-ը Շուշիում եմ եղել: Այդ օրերը իմ համար անմոռանալի են: Իմ գումարտակը նորակոչիկների գումարտակ էր, երբ ասացին, որ պետք է բարձրանանք Շուշի, մտածում էի, տեսնես կարողանալու են կռվել երեք ամսվա զինվորները: Հենց դիրքեր բարձրացանք, 5 րոպե չէր անցել թեժ մարտեր սկսվեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել