Բանաստեղծ, գրականագետ, պետական, հասարակական գործիչ:
Ծնվել է Գանձայում (Ջավախք), գյուղական քահանայի ընտանիքում: Ավարտել է տեղի ծխական դպրոցը, սովորել Ախալքալաքի քաղաքային դպրոցում։ 1897-1899թթ. հաճախել է Թիֆլիսի գիմնազիա, մասնակցել այնտեղ կազմակերպվող գրական միջոցառումներին։ 1899թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանը, խորացել է հումանիտար գիտությունների և լեզուների ուսումնասիրման մեջ, ծանոթացել հայ, ռուս և համաշխարհային գրականության դասական արժեքներին, մտերմացել հեղափոխականորեն տրամադրված սովորողների մի խմբի հետ (Ա. Մյասնիկյան, Պ. Մակինցյան, Ց. Խանզադյան)։ Ճեմարանում են սկսվել Տերյանի գրական առաջին փորձերը։ 1905-1906թթ. եկել է Անդրկովկաս, շրջել Շիրակի գյուղերում, տարել քաղաքական աշխատանք։ 1906թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1908թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի «Մթնշաղի անուրջները» առաջին ժողովածուն, որը միանգամից նրան ճանաչում է բերում։
1913թ. Տերյանը ընդունվում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, որտեղ Ն. Մառի ղեկավարությամբ խորանում է հայագիտության, ինչպես նաև արաբերենի, պարսկերենի և վրացերենի ուսումնասիրման մեջ։ 1915-1916թթ. ռուսերեն թարգմանած նրա մի շարք երկեր (Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի 1-ին հատորը), ընդգրկվում են Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիա» և Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու» գրքերում։ 1917թ. վերջին Տերյանը Խորհրդային կառավարությանը զեկուցագիր է ներկայացնում Թուրքահայաստանի մասին, հանդիպում ու զրուցում է Լենինի հետ։ 1918թ. սկզբին նա մասնակցում է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին՝ որպես հայկական գործերի խորհրդական։ Գրել է հրապարակախոսական հոդվածներ, թարգմանել Լենինի և Մարքսի աշխատություններից։ Վ. Տերյանը հեղինակ է շուրջ 400 բանաստեղծությունների, երեք տասնյակ գրական-քննադատական և հրապարակախոսական հոդվածների: Նա թարգմանել է նաև Շ. Ռուսթավելու «Ընձենավոր»-ի նախերգանքը, Վ. Բրյուսովի, Հ. Հայնեի, Ա. Ծերեթելու և ուրիշների մի շարք բանաստեղծություններ, Օ. Ուայլդի «Սալոմե» դրաման և այլն։ Նրա գրչին են պատկանում «Փշե պսակ», «Երկիր Նաիրի», «Կատվի դրախտ» և այլ բանաստեղծական շարքեր։
Տերյանի ստեղծագործությունը խոր և անջնջելի հետք թողեց հայ պոեզիայում, դարձավ նրա առաջընթացի հզոր գործոններից մեկը։
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը` տե՜ս - 
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես...
…Գերված ենք մենք, ո՜չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ... 
                                                                                  Վ. ՏԵՐՅԱՆ
Վահան Տերյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2000թ. փետրվարի 9-ին` բանաստեղծի ծննդյան 115 ամյակի օրը, օղակաձև զբոսայգում, իր անունը կրող փողոցի հարևանությամբ:
Խոսք ասացին Վ. Վարդապետյանը, արձակագիր Հ. Մաթևոսյանը, ասմունքող Վ. Աբաջյանը, դերասան Ա. Գասպարյանը, Վ. Տերյանի անվան դպրոցի «Տերյան» ակումբի նախագահը և ուրիշներ:
Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 3 մ, ճարտարապետ` Համլետ Խաչատրյան, քանդակագործ` Նորայր Կարգանյան:
Նորայր Կարգանյանը ծնվել է 1948թ. Երևանում:
1970թ. ավարտել է ԵԳԹԻ-ն: 1995-ից դասավանդում է նույն ինստիտուտում: 1977-ից Նկարիչների միության անդամ է: 1985-1991թթ. եղել է ԽՍՀՄ նկարիչների միության վարչության անդամ: 1984թ. Բուդապեշտում 6-րդ միջազգային քանդակի ցուցահանդեսում արժանացել է Բուդապեշտի քաղաքապետարանի գլխավոր մրցանակի: 1986թ. Թբիլիսիում Անդրկովկասյան հանրապետությունների առաջին բիենալեում արժանացել է 2-րդ մրցանակի: 1988թ. Վահան Տերյանի արձանի, 1995թ.՝ Հալեպի 1915թ. Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի, 1996թ. Բաղրամյանի հուշարձանի համար կայացած մրցույթներում շահել է 1-ին մրցանակներ։
Նրա հայտնի գործերից է «Քանդակագործության խորհրդանիշը» (գրանիտ, մետաղ, բարձրությունը` 5 մ, գտնվում է Չինաստանի Չանչուն քաղաքում):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել