«Շուշին ազերիներին հանձնելու թեման շարունակում է մնալ հանրային համառ ուշադրության կենտրոնում: Եվ դա հասկանալի է, քանի որ այդպես էլ առեղծ­ված է մնում, թե ինչպես այդ անառիկ քաղաքը հայտնվեց թշնամու տիրապե­տության տակ, երբ, ինչպես պարզվեց պատերազմից հետո, ազերիները մինչև հիմա այդ անմատչելի քաղաքին հասնելու ճանապարհ չունեն և ստիպված են դիմելու ռուս խաղաղապահների օգնությանը: Իսկ ահա պատերազմական իրավիճակում Հադրութից կարողացան տեխ­նիկայով հասնել Շուշի և գրավել այն»:

Այսպիսով, ե՞րբ և ի՞նչպես հանձնվեց Շուշին, ո՞ւմ հրամանով բերդաքաղաքի թիկունքը մնաց առանց պաշտպանների, ի՞նչ գործ ուներ ԱԱԾ նախկին պետ և տարաբնույթ խոսակցությունների հետ կապվող Քյարամյանը Շուշիի բունկե­րում և այդպես շարունակ: Այս ամենի մասին «Իրավունք TV»֊ի տաղավարում բացառիկ մանրամասներ է հայտնել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ով նախ անդրադարձավ հակառակորդ՝ փաստացի առեղծվածային պայմաննե­րում Շուշի հասնելուն։

Թիկունքը, չգիտես ինչու, պաշտպանված չէր, զորքը դուրս էին բերել

-Շուշիին հասնելու գործընթացը պետք է կանխվեր Հադրութում: Երբ Հադրութը սկսեց հանձնվել, և շարունակեցին թիզ առ թիզ զիջել, հա­կառակորդը եկավ, հասավ Շուշիի մա­տույցներին՝ Քարին Տակ գյուղին: Առա­ջին հերթին տիրացան Քարին Տակին և ՀՀ-ից եկող մայրուղուն, ապա նոյեմբերի 4-ից կամաց-կամաց մտան Շուշի:

Այստեղ սկսվեց առեղծվածների կծի­կը, քանի որ հակառակորդը, հեշտու­թյամբ շրջանցելով, դուրս էր եկել մեր թի­կունք: Իսկ թիկունքը, չգիտես ինչու, պաշտպանված չէր, զորքը դուրս էին բե­րել: Ով և ինչու, մինչ օրս գոնե ինձ հայտ­նի չէ: Այդպես կամաց-կամաց հակառա­կորդը տիրացավ մայրուղուն:

Ճիշտ նույն ժամանակահատվածում, կրկին առեղծվածային պայմաններում, Քարին Տակի զորքը ևս չգիտես ում հրա­մանով դուրս էր բերվել: Մնացել էին գյու­ղի կռվող տղաները՝ 30-35 հոգով: Զորքի դուրս բերելուց անմիջապես հետո հակառակորդի տեխնիկան գալիս, կանգնում է մեր զորքի տեղը ու սկսում կրակահերթ արձակել ճանապարհի վրա: Եթե զորքը դուրս չգար և քարինտակցուն չթողներ մենակ, մենք այսօր նման վիճակ չէինք ունենա, չէր հանձնվի Քարին Տակը, ապա նաև Շուշին:

֊Փաստորեն, ե՞րբ հանձնվեց Քարին Տակը:

-Նոյեմբերի 4-ին: Երբ Քարին Տակը հանձնվեց, սպասում էինք, որ հավելյալ զորք կտեղակայվի, և մենք կկարողա­նանք դրանց ողնաշարը ջարդել ու առաջ անցնել: Սպասում էինք, բայց ցավոք, մեր սպասումները չիրականացան: Ընդհակա­ռակը՝ նոյեմբերի 5-ին լեռնաշղթայի վրա տեղակայված հրետանին էլ չկար:

-Այսի՞նքն:

-Զարմացաք, չէ՞: Մենք էլ նույնը ապ­րեցինք: Սնարյադները կային, բայց հրե­տանին չկար, չկային նաև տղաները: Տե­սա, որ արդեն ադրբեջանցիները վխտում են:

-Հնարավո՞ր էր ազերիների տեղաշար­ժի ճանապարհը փակել:

-Իհարկե, ամեն ինչ կարող էինք անել, բայց մենք պետք է Հադրութում ճնշեինք հակառակորդին: Ես Ձեզ ավելին ասեմ՝ համայնք է եղել, որ չի էլ կռվել, պարզա­պես լսել են, որ գալիս են, թողել փախել են: Մի նահանջը հաջորդել է մյուսին, ու արդյունքում սա էլ լինելու էր:

-Ստացվում է, որ եթե չլինեին այդ առեղծվածային դրվագները, մենք  կկարողանայինք բերդաքաղաքն անառիկ պա­հել:

- Միանշանակ: Մինչև Շուշի հասնելը, տղաները պատմում են, որ տարբեր ձևի կապեր ենք տվել, որ հրետանին աշխատի կոնկրետ ուղղությունների վրա, բայց չեն արել: Էդ տեղերից էլ թշնամին հանգիստ, անարգել եկել հասել է մայրուղի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել