Հայաստանի նոր զոհրաբմնացականյան արա այվազյանը, հետաքրքիր է, հետաքրքրվե՞լ է արդյոք բարեկամ Իրանի պաշտոնական ներկայացուցչից, թե երբվանի՞ց է Իրանը Հայաստանին, ըստ էության, համարում ագրեսոր, որ «խախտել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», և որի «վերականգնման» ու որի «տարածքների ազատագրման» համար այդքան ուրախ է այսօր Իրանը։
Ունեցե՞լ է արդյոք Հայաստանի զոհրաբմնացականյան արա այվազյանը մեկ գրամ արժանապատվություն և համարձակություն ուղղակի հարցնելու, ուղղակի բարեկամաբար ճշտելու, թե ինչո՞ւ է բարեկամ Իրանը նախարար Ջավադ-Զարիֆի շուրթերով Հայաստանի և Իրանի թշնամի Ադրբեջանի առաջնորդին մեկ զրույցի ընթացքում երեք անգամ շնորհավորում։
Պատասխանը արա այվազյանը չգիտի, անշուշտ։
Իսկ ես գիտեմ։
Միջազգային ասպարեզում որպես սուվերեն` ինքնիշխան սուբյեկտ՝ Հայաստանն այլևս գոյություն չունի։ Իրանի համար Հայաստանն այլևս օբյեկտիվորեն և հասկանալիորեն անհույս դիակ է, իսկ իրական խաղացողն այլևս թշնամի Ադրբեջանն է, որի հետ անհրաժեշտ է այլևս իսկական բարեկամության մասին մտածել։ Որովհետև այլևս իրավիճակի տերը Ադրբեջանն է, Իրանի հետ վաղը Մեղրիի հաշվին մեծանալիք սահմանի տերը նույնպես Ադրբեջանն է, տարածաշրջանում իրադրության տերը նույնպես Ադրբեջանն է, որ հզոր և ագրեսիվ Թուրքիայի արժանապատիվ ու անբաժան դաշնակիցն է։ Ռուսաստանի համար ակնածելի գործընկեր և դաշնակից և Իրանի թշնամի Իսրայելի համար դեպի Իրան կարևորագույն հարձակողական կամուրջ հանդիսացող պետությունը նույնպես Ադրբեջանն է։
Իսկ ի՞նչ է Հայաստանը. Հայաստանը լիլիթ մակունցն է, Հայաստանը նիկոլ փաշինյանն է, Հայաստանը արա այվազյանն է։
Հայաստանը չկա։ Գոնե առայժմ Հայաստանն այլևս չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել