ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում չի ներառվել Ադրրբեջնից հայ գերիների վերադարձի հարցը… Մեր հանրության մեջ նկատվում են զարմանք և բողոք՝ այս որոշման հետ կապված, այդ պատճառով կուզեի մի քանի պարզաբանում մտցնել այս հարցում:
-Նման հարցերը լուծվում են հետևողական և ծավալուն աշխատանքի արդյունքում՝ խորհրդարանական և դիվանագիտական համատեղ ջանքերով:
-Նման հարցերի լուծման համար հարկավոր է գործընկերային հարաբերոյթյուններ՝ երկրների պատվիրակություների հետ մասնավորապես, և առանձին պատգամավորների հետ անհատապես:
- Նման հարցերի լուծման համար պետք է ունենալ ժողովրդավար երկրի հեղինակություն (իմիջ), այն է՝ երկրի ղեկավարի վեհամբարձ ելույթները նույն ԵԽԽՎ ամբիոնից պետք է համընկնեն իրական քայլերի հետ:
- Նման հարցերի լուծման համար առանց անդրկուլիսյան հզոր բանակցությունների Էդմոնի «միայնակ ակցիան» դառնում է PR ակցիա:
Ինձ շատ են հարցնում՝ հնարավոր էր ներառել հարցն օրակարգ: Պատասխանս հիմնավորելու համար մի փոքր էքսկուրս անեմ՝ մենք այս պատվիրակությանը թողել ենք հեղինակազրկված ադրբեջանական լոբբի, բացահայտված կաշառված եվրոպացի պատգամավորների օրինակներ, պաշտոնազրկված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ, ում՝ Ադրբեջանի հետ կապի մասին մի ողջ հետազոտական աշխատություն կա, թողել ենք 4 տարվա ազատազրկման դատապարտված Լուկա Վոլոնտեի օրինակ, թողել ենք «խավիարային դիվանագիտության» լիակատար ֆիասկո:
Այս ժառանգությունը ճիշտ օգտագործելու դեպքում այսօր կարելի էր լրջագույն հարված հասցնել Ադրբեջան պետության իմիջին:
Հիմնական հարցը, որ պետք է ունենա պատասխան, հետևյալն է՝ արդյոք Հայաստանի իշխանությունների կողմից եղե՞լ է նպատակ և հանձնարարական՝ միջազգային կազմակերպություններին, տվյալ դեպքում՝ Եվրոպայի խորհրդին ներկայացնելու Ադրբեջանի հանցագործ քայլերը պատերազմի ընթացքում, կամ՝ մինչ օրս ապօրինի կերպով գերության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցն ինչպիսի՞ առաջնահերթության մեջ է դասվում «նորացված» հայ դիվանագիտության մեջ:
Ավելացնեմ, որ պարբերապար կապ եմ հաստատել ԵԽԽՎ իմ գործընկերների հետ, առավել ևս՝ պատերազմի օրերին: Եվ ինձ համար որևէ զարմանալի կամ անսպասելի բան չկա ԵԽԽՎ կողմից նման որոշման կայացման մեջ:
Հ.Գ. Ես համաձայն չեմ, որ հենց Նավալնիի հարցի քննարկումն է պատճառը, իբր թե՝ թեման ակտուալ է Եվրոպայի համար: Ոչ, ոչ և կրկին՝ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել