«Արցախի հերոս» բարձրագույն կոչում առաջին անգամ շնորհվեց 1997 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ավարտից ուղիղ երեք տարի անց: Մինչև 2020թ. սեպտեմբերն այդ կոչմանն արժանացան 28 հոգի, որոնցից 26-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման, հայրենիքի պաշտպանության և պետականաշինության գործում ունեցած բացառիկ ծառայությունների, իսկ երկուսը՝ Ապրիլյան քառօրյայի ժամանակ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակա դիրքերը կյանքի գնով պաշտպանելու և հակառակորդի առաջխաղացումն այդ հարվածային ուղղությամբ կասեցնելու համար: Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած Արցախյան 3-րդ պատերազմի արդյունքում ստորագրելով «կապիտուլյացիոն» հայտարարություն և հակառակորդին հանձնելով մոտ 10 000 քառ. կմ տարածք, Արցախի հերոսի կոչման արժանացան (եթե սխալվեմ, կներեք) 15 հայորդիներ: Որ երբևէ որևէ մեկը բարոյական իրավունք չունի կասկածի տակ առնելու մեր հերոս և հատկապես մարտիրոսված հայորդիների կատարածը և նրանց դրսևորած հայրենասիրութունն ու նվիրվածությունը գոնե ինձ համար միանշանակ է: Սակայն դրա հետ միասին, դժվար է համակերպվել այն իրողության հետ, որ մի քանի շաբաթվա ընթացքում պարտվելով և արդյունքում ոչ մի բանի դիմաց, հանձնելով ինչպես ազատագրված տարածքները, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը, կարելի է ունենալ այնքան հերոսներ, որքան հաղթանակի պարագայում մենք ունեցել ենք 26 տարվա ընթացքում... Իսկ եթե այս ամենին ավելացնում ենք նաև Հայաստանի ազգային հերոսների և բարձրագույն սպայական կոչումների արտահերթ շնորհման իրողությունները, ապա տպավորություն է ստեղծվում, որ մենք ունեցել ենք ոչ թե խայտառակ պարտություն, այլ «Մեծ հաղթանակ»: Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: