Բոլոր նրանց, ովքեր, իրենց և ինձ հիմարի տեղ դրած, ասում են. «Բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նույնիսկ բարիկադների վրա կանգնածները։
Բազմաթիվների խնդրանքով պատասխանում եմ՝ հիմա եմ իմացել, հիմա եմ ասում։ Բայց ձեր ձեռքն ո՞վ է բռնել, որ հիմա անեք այն, ինչ պետք է անեիք այն ժամանակ, որ այս օրը չընկնեիք։
Ո՞վ է ձեզ խանգարում։ Ավելին, եթե Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է, ավելին՝ դա անում է որպես երկրի երկրորդ պաշտոնյա։ Իսկ նրա և նրա ոհմակի գործածները ձեր աչքի առջև են. 44-օրյա պատերազմի պարտություն, հանձնած հայրենիք, սպանված սերունդ և պետական գաղտնիք դարձրած գերիներ։ Արձագանքե՛ք։ Արե՛ք հիմա, ինչ ուզում եք։ Ո՞վ է ձեզ խանգարում։
Եվ վերջում ի գիտություն բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ես, ասելով, որ չկա քաղաքականություն, պառակտում եմ ընդդիմադիր դաշտը։ «Ռեքվիեմ 8»-ից 48 ժամ անց Ազգային ժողովում, որը քաղաքական դաշտի քվինտ-էսենցիան է (որովհետև խորհրդարանական երկիր ենք, համենայն դեպս ըստ բռնաբարված Սահմանադրության), հանդիպեցին իշխանական մեկ և ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր՝ Արարատ Միրզոյանի սեղանապետությամբ։ Եվ ի՞նչ էին քննարկում նրանք հետպարտերազմյան քաոսի մեջ գտնվող երկրում։ Ճիշտ է, Հողային օրենսգիրքը։
Ավելին՝ քառօրյայի օրակարգում ներառված 60 հարցերից ոչ մեկը կապ չուներ պատերազմի ու հետպատերազմյան այս վակխանալիայի հետ։ Բայց դա էլ կարևոր չէ։ Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել և հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյանից. «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ (այսպես եք, չէ՞, սիրում դիմել), Դուք գործակա՞լ եք»։
Այդպես կվարվեին ցանկացած երկրում։ Ընդ որում, այդ հարցը կուղղեին և՛ անկախ պատգամավորները, և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանական ֆրակցիայի անդամները։ Բայց, իհարկե, առաջին հերթին ընդդիմադիրները։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, ե՞ս եմ բաց թողել ինչ-որ բան, թե՞ այդպիսի հարց իրոք չի հնչել։
Հետևաբար կարևոր չէ, թե երբ եք իմացել, որովհետև, մեկ է, ոչինչ չեք անելու։ Եթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու։
Չեք անելու, որովհետև… ժամանակը ցույց կտա՝ ինչու չեք անում։ Իսկ հիմա անպայման շարունակեք քննարկել մեքենաների տեխզննման կտրոնը դիմապականուն չփակցնելու խիստ հրատապ օրենսդրական նախաձեռնությունը։ Որովհետև դիմապակիները պետք է մաքուր պահել։ Մեզ տեսադաշտ է պետք։ Նայելու Արարատին։ Լեռանն անշուշտ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelminasyan1/posts/235095498238975
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել