168.am-ը գրում է․

Դավաճանությունը ընդհանրական, բայց ավելի հաճախ՝ կոնկրետ կատեգորիա է։ Ամենաընդհանուր ընկալմամբ, դավաճանում են նրան կամ այն, ինչ իրենցն են համարում։ Բայց երբ մեկն առաջին հայացքից դավաճանությանը նման բան է անում նրա հետ, ինչն իրականում իրենը չէ ի բնե, ապա դա դավաճանություն չէ՝ գոնե դասական ընկալմամբ։

Հայրենիքը դավաճանելու համար կամայական դավաճանը ժամանակի ինչ-որ հատվածում գոնե այդ հայրենիքն իրենը պետք է համարած լինի։ Ընդ որում, հնարավոր է, որ ռիտուալային մակարդակում հենց այդպես էլ եղած լինի։ Այսինքն՝ կամայական դավաճանը լավ էլ արարողակարգային  հայրենասեր երևա, անգիր արտասանի բոլոր շիրպատրեբ հայրենասիրական բանաստեղծություններն ու մի քանի անգամ կարդացած լինի պետպատվերի շրջանակներում վճարված  հայրենասիրական վեպերը, անգամ երեխային կարող է որևէ հերոսի անվամբ կոչել։

Իրականում դա քիչ կապ ունի հայրենասիրության այն ձևի ու բովանդակության հետ, որի բացակայության պարագայում հնարավոր է դառնում դավաճանությունը։

Իսկ դա այն պարագան է, երբ կամայական դավաճանն առնվազն ենթագիտակցական մակարդակում այդ հայրենիքն իրենը չի համարում։

Դա, իհարկե, մարդու հատուկ ու հազվադեպ հանդիպող տեսակ է, բայց այն գոյություն ունի, և այդ տեսակի մասին, որպես կանոն, ամենաշատն ու ամենալավը տեղեկացված են լինում թշնամական կամ ոչ այնքան թշնամական երկրների հատուկ ծառայությունները։

Այնպես չէ, որ կամայական այդ սուբյեկտները հրապարակային հայտարարությամբ տեղեկացնում են այն մասին, որ իրենք ինքզինքը հայրենիքն իրենցը չեն համարում և պատրաստ են նրա հետ վարվել ցանկացած կերպ, համապատասխան վճարի դեպքում, բնականաբար։

Որպես կանոն, հայրենիքի հանդեպ նման բառադի վերաբերմունք ունեցողներին այդ նույն ծառայությունները որոնում ու գտնում են երկար ու հետևողական աշխատանքի արդյունքում՝ ուսումնասիրելով նրանց անձնային բնութագրերն ու վարքագիծը։

Ահա այդ կերպարներին գտնելով՝ այդ նույն ծառայություններն անում են ամեն ինչ՝ նրանց՝ կլիենտ երկրում իշխանության բերելու համար։ Ոչ միշտ, բայց երբեմն հաջողում են։

Հաջողության հավաստիքները կարող են տարբեր լինել, բայց դրանից հատուկ ծառայությունների առաքելությունն ու խնդիրները չեն փոխվում։

Մի դեպքում նրանք այդ հաջողությունն արձանագրում են հեռավոր տափաստաններում ջահելական անբռնազբոսություններ արածին հակատափաստային երկրում ղեկավար կարգելով, մեկ այլ պարագայում՝ առաջադրանքը կատարված են համարում, երբ աչքի տակ առած պետությունում իշխանության են գալիս սեփական մոր մահով ուրախացողներն ու սեփական հորն ուրացողները։

Չնայած էսթետիկական տարբերություններին, ֆունցիոնալ առումով տեղի է ունենում նույնը՝ ամեն մեկը հանուն ինչ-որ բանի պատրաստ է ուրանալ այն, ինչն ուրանալ կարող են միայն ընտրված այդ պերսոնաժները։ Եթե անգամ նրանք շաբաթը մեկ մեջբերումներ են անում Աստվածաշնչից ու վարժ առոգանությամբ արտասանում են Մաթևոսյանի՝ «Մի ուրացեք ձեր եղբորը» տողերը։

Եվ տեղի է ունենում այն, ինչին համընդհանուր կաղապարներով անվանում են դավաճանություն կամ հայրենավաճառություն՝ անտեսելով կամայական մեղադրյալների հոգեկերտվածքն ու այն խորքային իրողությունը, որ նրանք չէին կարող դավաճանել կամ վաճառել այն, ինչն ի բնե իրենցը չէ։

«Ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում» բանաձևը ոչ միայն ճապոնական մենեջմենթի ոսկե կանոններից է, այլ նաև հատուկ ծառայությունների մեթոդական ուղեցույցների անբաժանելի մաս։

Որոշ ազգերի բախտը բերում է, ու այդ կանոնի իրագործումը հանգեցնում է երկրի բարգավաճմանը։ Մյուսների պարագայում նույն սկզբունքը կործանում է պետությունը, եթե այն իրագործվում է թշնամական երկրների համապատասխան կառույցների կողմից։

Թե ինչ իմաստով է կիրառվում «հայի բախտ» արտահայտությունը, հայտնի է բոլորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել