Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրաքննադատ, մշակութային գործիչ:
Ծնվել է Կարսում: 1915թ. մտել է հայ կամավորական խմբերից մեկի մեջ և հասել Վանի մատույցները: Ականատես է եղել հայ ժողովրդի ծանր ողբերգությանը: 1916թ. ընդունվել է Մոսկվայի Շնյակովսկու անվան ժողովրդական համալսարանը: Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական կռիվներին: 1919թ. վերադարձել է Հայաստան: 1921թ. զենքը ձեռքին կռվել է Ղամարլուի ճակատամարտում: 1922թ. սովորել է Մոսկվայում, Վ. Բրյուսովի հիմնադրած ինստիտուտում: 1928-1935թթ. աշխատել է Պետհրատում: Նրա գեղարվեստական նորարարությունն առավել ցայտուն է արտահայտվել պոեմի ժանրում` «Դանթեական առասպել» (1915-1916թթ.), «Ամբոխները խելագարված» (1918թ.), «Դեպի լյառն Մասիս» (1933թ.): 1922թ. գրել է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, իսկ 1935-1937թթ.` Կոմիտասին նվիրված «Հավերժական հանգիստ» պոեմը: 
...Ու կանգնել եմ ես, հզոր ու հպարտ, 
Լեռների վրա քո հավերժաձյուն – 
Կանգնել եմ, պայծառ, ու շուրջս հիմա
Գալիքի կարմիր թևերն են շողում:
                                                              Ե. ՉԱՐԵՆՑ (Հատված «Նաիրի երկրից»)
«Չարենցը լեգենդ էր… Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց-մահկանացուն: Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է…
«Ես իմ անուշ Հայաստանի»-ն… մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե մտքում հյուսել, թե մրմնջալ շշուկով, թե արտասանել բարձրաձայն: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքներին ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է»։ Մ. Սարյան
Ե. Չարենցի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1985թ. հոկտեմբերի 9-ին, «Էրեբունի-Երևան» ավանդական տոնակատարությունների շրջանակներում, Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց:
Հանրահավաքը ներածական խոսքով բացեց ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լ. Ներսիսյանը: Խոսք ասացին Հ. Մուրադյանը (քանդակագործ), Հ. Փալիկյանը (շինարար-բանվոր), Հ. Թամրազյանը (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Վ. Պետրոսյանը (ՀԳՄ վարչության քարտուղար): Հուշարձանի բացման պատիվը տրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանին: Ապա խոսք ասացին Ֆ. Սարգսյանը (ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ), Մ. Մուրադյանը (Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ):
Հուշարձանն իրենից ներկայացնում է բազմաֆիգուր կոմպոզիցիա: Նրա մի կողմում բխում են 40 աղբյուրներ (Չարենցի ապրած տարիները), իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի հրաշունչ բանաստեղծության տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»:
Արձանի նյութը` բրոնզ է, բարձրությունը` 18,5 մ, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան (տես՝ Մ. Նալբանդյանի արձանը)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել