Կա պատկերացում, որ Մերժվածի հիմնական կողմնակիցները ներկաներ- նախկիններ, այսինքն թալանչիներ-թալանվածներ դիսկուրսի կրողներն են։ Կարծում եմ, որ դա այնքան էլ այդպես չէ։ Մերժվածի հիմնական կողմնակիցներն այլ դիսկուրս կրողներն են, սակայն, մինչ դրան անցնելը, մի դեպք պատմեմ։
2003-ին ԵԱՀԿ կոնֆերանսին էի մասնակցել, որը Բաքվում էր տեղի ունեցել։ Հենց ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ ինձ Ալիեւ մեծի անվտանգության աշխատակիցները դիմավորեցին ու ողջ ընթացքում ինձ ուղեկցում էին՝ անվտանգությունն էին ապահովում։
Երեկոյան, հյուրանոցում, ինձ կցված անվտանգության աշխատակիցներից գլխավորն ինձ հրավիրում էր սուրճ խմելու։ Հանձինս ինձ ինքը փորձում էր հասկանալ հայերի մտածողությունը, ես էլ՝ հակառակը։ Բավականին լավ կրթված էր ու պատմություն գիտեր։ Մի անգամ ինձ ասաց, որ ոչ միայն Ղարաբաղն է իրենցն, այլեւ Սյունիքը, Սեւանը, Երեւանը։ Հարցրեցի, բա այդ դեպքում մենք որտեղ պետք է ապրենք, ասաց, որտեղ մինչ այդ՝ Բաքվում, Գյանջայում, Երեւանում, իրենց տիրապետության տակ ու լավ էլ կապրենք, որովհետեւ լավ արհեստավորներ ենք։ Դա խորքային համոզմունք էր մոտը ու անկեղծ էր այդպես մտածում, նաեւ իրենց դպրոցական դասագրքերում են այդպես սովորեցնում։
Հիմա գամ Մերժվածի կողմնակիցներին։ Կա մի զանգված, որը կարծում է, որ մենք կարող ենք թուրքերի հետ միասին լավ ապրել, ինչպես առաջ ու դրա համար պետք է փոխենք մեր հոգեբանությունը, իսկ եթե ավելի պարզ ձեւակերպենք, վերադառնանք մեր հին հոգեբանությանը, ինչի համար պետք է փոխենք, Բոլտոնի ասած, մեր կարծրատիպերը։
Թուրքերն եւ ադրբեջանցիներն նույնպես ունեն իրենց կարծրատիպերը, որի մեջ հայկական պետական միավոր գոյություն չունի, դա չի հանդուրժվելու առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց կան հայեր, որոնք հոգու խորքում դրան համաձայն են, անգամ եթե իրենք իրենց դա չեն խոստովանում։ Դրանք հոգու խորքում թուրքահպատակներ են ու հարյուրավոր տարիների թուրքահպատակության փորձը հենց այնպես չէր հաղթահարվելու։
Կարծում եմ, որ սա է Մերժվածի կողմնակիցների հիմնական քաղաքական պլատֆորմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել