Սյունիքի անվտանգությունն ապահովել նշանակում է գոնե 3-ից 5 կմ հեռավորության նեյտրալ գիծ ունենալ, դեռ մի քանի օր առաջ իրար մորթող զորքերին տեղակայել էդ հեռավորության վրա, Գորիս-Կապան ճանապարհը պահել ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ։ Սա պետք է հենց սահմանագիծը խաղաղ պահելու համար։
Իսկ այժմ «մենք ապահովում ենք Սյունիքի անվտանգությունը» թեզի տակ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Բարձունքների մեծ մասը զիջվում է Ադրբեջանին, Կապան տանող ճանապարհը, պարզվեց, անցնում է Ադրբեջանով, ադրբեջանական զորքը մտնում է Սյունիքի գյուղեր, կիսում դրանք ու տեղավորվում հարևանների տանը։
Ավելին՝ ադրբեջանցիների հետ բանակցում են Շուռնուխի ու Որոտանի գյուղապետերը։ Չկա ԱԳՆ, չկա ՊՆ, չկա ԱԱԾ։
Ադրբեջանի կողմից՝ զորք, Հայաստանի կողմից՝ մաքսիմում գյուղապետ։ Սրանում երկրի ղեկավարը տարօրինակ բան չի տեսնում, ասում է` ՏԻՄ ղեկավարն էլ իշխանության ներկայացուցիչ է, նորմալ է, թող ինքը բանակցի։
«Հլա ըտեղ մի բան արեք՝ մի բան լինի» սկզբունքով։ Կառավարության վերաբերմունքը «կորպորատիվ» է` փողով կհատուցենք կորսված տների համար։
Սա ցույց է տալիս, որ Հայաստանի ծայրամասեր, գոնե Սյունիքի Շուռնուխ ու Որոտան գյուղեր կենտրոնական իշխանությունը չի տարածվում։ Պետությունը բացակայում է։ Մենք հիմա տարածք ենք, պետությունը հոգեվարքի մեջ է, տեղ-տեղ կենդանության նշաններ է ցույց տալիս, հատկապես երբ խոսքը Երևանում միտինգների դեմ պայքարելու մասին է։
Երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան նոր էր ստորագրվել, իշխանությունից տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ինձ համոզում էին, որ Քելբաջարը չենք տալու, հետո սկսեցին համոզել, որ Բերձորը հայկական է մնալու, հետո վստահեցում էին, որ Սյունիքի գյուղերին բան չի պատահի։ Ու սենց, «ոչ մի միլիմետր չզիջելով», ադրբեջանցիները հասան մարդկանց ննջարաններ։
Սա է Սյունիքի անվտանգության ապահովման Հայաստանի իշխանությունների պատկերացումը։ Անվտանգության ապահովման ևս մի քանի նման պատկերացում, ու Սյունիքից բան չի մնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել