Hraparak.am-ը գրում է․

Մանդատը վայր դնելու իմ որոշումը փոխել եմ: Մանդատը չեմ դնում, համարեք՝ հուզականության ֆոնի տակ եմ գրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մանդատը վայր է դնում: «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի, որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է»,- գրել էր նա։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մանդատը վայր չդնելը և ինչով է զբաղված իշխանությունը Լուսինե Բադալյանը պատասխանեց, որ կիսատ թողած օրինագծեր կան, որոնք պետք է ավարտին հասցվեն: «Իսկ իշխանությունն ինչով, որ զբաղված է, ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է: Իմ գործընկերները զբաղվում են գերիների վերադարձի հարցով, անհետ կորածներին գտնելու հարցով»,– ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել