Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում խոսեց ժողովրդի մասին՝ նախ անդրադառնալով երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին։
«Ես այնտեղ ժողովուրդ չեմ տեսել, ես տեսել եմ ամբոխ, ստրուկներ, վախկոտ մարդիկ և այունոտ մարդասպաններ, և այդ մարդկանց դիմավորեց ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը այտնեղ գնաց և խայտառակ եղավ, ցույց տվեց իր իրական էությունը, բառացիորեն քայլեց տղաների գերեզմանների վրայով, իսկ այդ գերեզմաններում պառկած էր ժողովուրդը, հերոսները, որոնց գերեզմանները դեռ տաք էին»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը նկատեց՝ ժողովուրդն այնտեղ չէր գոռում «Նիկոլ վարչապետ», գոռում էր ժողովրդի կեղտը, իսկ «Նիկոլին թքում և մրում էին, իսկ նա պաշտպանվում էր անձրևանոցներով և թիկնազորով»,-ասաց նա:
Մինասյանը կոչ արեց բոլոր մեղքերը չգցել ժողովրդի վրա։ «Կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր, որովհետև հավատում էր, որ իրենք միացել են Նիկոլին, որպեսզի լավ ապրեն, բոլորը իրավունք ունեն դա անելու, բոլորը և բոլորս իրավունք ունենք սխալվելու: Նիկոլի և ժողովրդի մեջ արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլը, թափել է ժողովրդի արյունը»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը նշեց, որ ընդհանրապես դեմ է «ժողովուրդ» եզրույթը 21-րդ դարում օգտագործելուն: «Այն օրվա ամոթը` թափորի և արյան, կոնկրետ անուն ու ազգանուններ ունեին»,-ասաց նա՝ հիշեցնելով այլ ժողովուրդների օրինակներ, որոնք սխալվել են։
«Մեղավո՞ր էր ժողովուրդը, ո՛չ, որովհետև ժողովուրդը եղել է սեփական ղեկավարների դեմ ատելությունից չարությունից և նախանձից դրդված, և արել է ընտրությունը։ Սխա՞լ էր ժողովուրդը, միանշանակ այո, մեղավո՞ր էր՝ միանշանակ ոչ, պատժվե՞ց, ցավոք սրտի այո»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը նշեց՝ ժամանակն է եկել ջարդելու լեգենդները: «Մենք ապրել ենք լեգենդով, որ մեր երկիրը չի կարող հաղթել, մինչև չլինի ժողովրդավար և կոռուպցիան չվերացնենք: Ես մեծ կողմնակից եմ ժողովրդավարության և ոչ կոռումպացված համակարգերի, բայց մի հարց եմ ուզում տալ, մենք նկատե՞լ ենք, որ մենք պարտվեցինք աշխարհի ամենակոռումպացված երկրին` Ադրբեջանին, ավելի կոռումպացված անհնարին է լինել: Դուք նկատե՞լ եք, կամ մենք նկատե՞լ ենք, որ մեզ հաղթեց աշխարհի ամենա ոչժողովրդավար երկիրը, որն իր իշխանությունը ժառանգել է»,-ասաց նա:
Նախկին դեսպանը նշեց, որ երկրորդ ամենակարևոր լեգենդը, այսպես կոչված արևմտյան արժեքներն են, իսկ իրական արևմտյան արժեքները մեր սրտում են, մեր էության մեջ են: «Դուք նկատե՞լ եք, որ ՀՀ քաղաքացիների գլուխները կտրում են և այդ նյութերը ինտերնետում են ամեն ուր, ՀՀ քաղաքացիների վրա թափվում են ֆոսֆորից բոմբեր և բոլորը լուռ են, չեք հարցնո՞ւմ՝ ինչո՞ւ»,-ասաց նա:
Նա ամենակարևոր լեգենդներից համարեց նաև մարտի մեկը: «Ես չեմ ուզում որերորդ անգամ ապացուցել, որ մարտի մեկը Նիկոլ Փաշինյանի ամենասիրած ձին էր, ինքը նստում էր այդ ձիու վրա և վազում էր դեպի իշխանություն: Դուք տեսաք մարտի մեկը որն էր, և ով էր կազմակերպել, դուք տեսաք՝ ով երկու օր առաջ մարտի մեկ կազմակերպեց Եռաբլուրում, դուք տեսաք՝ ոնց են նիկոլականները ծեծում մայրերին, պռոշ էին ճղում, գլուխ էին ջարդում, գոռում էին` Նիկոլ վարչապետ: Դե խոսացեք մարտի մեկի մասին»,-ասաց նա:
Խոսելով հոկտեմբերի 27-ի մասին՝ Մինասյանն ասաց՝ դա այնպիսի լեգենդ է, որի դեմ ոչ միայն ժամանակը, այլ նաև փաստերը, իրականությունն է անզոր և հարց բարձրացրեց՝ տեսա՞ք ոնց է լինում Մեղրին ծախելը: «Երեք մարդ կա, որոնք իրենց քաղաքական կարիերան կառուցել են Հոկտեմբերի 27-ի զոհերի արյան վրա, Արամ Զավենի Սարգսյանը, որը իր եղբոր արձանը պղծողների հետ բանակցում է»,-ասաց նա:
Երկրորդ անձը, Միքայել Մինասյանի խոսքով, Վաղարշակ Հարությունյանն է, որն արդեն երկրորդ անգամ է Պաշտպանության նախարար և ոչնչով չի զբաղվում, իսկ երրորդը՝ Անդրանիկ Քոչարյանը։
«Անդրանիկ Քոչարյան, մի միժվածք մի ամբողջ կյանք ասում էր, որ Ռոբերտը, Սերժը ուզում էին Մեղրին տալ, Վազգենը դեմ էր, ես գիտեի, դրա համար Վազգենին սպանեցին»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը նշեց, որ թեև լեգենդները շատ են, բայց ամենակարևոր լեգենդը թալանն է: «2,5 տարիների ընթացքում ես անձամբ, փաստերով բացահայտել եմ ավելի քան 15 կոնկրետ թալանի դեպքեր, քանի՞ անգամ է քրեական գործ հարուցվել` զրո: 2,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի բացահայտել ոչ մի թալանի դեպք, կոնկրետ թալանի հետ կապված ոչ մի քրեական գործ չի ավարտվել»,-ասաց նա:
Ամփոփելով իր խոսքը` Միքայել Մինասյանը կրկնեց՝ ժողովուրդն իրավունք ունի սխալվելու․«Ժողովուրդը իրավունք ունի սխալվելու, ոնց որ բոլորս, բայց մենք իրավունք չունենք մեղադրել ժողովրդին, որովհետև մենք մեղադրում ենք մեզ, մանավանդ, երբ ժողովուրդն անմեղ է: Ժողովուրդը իջել էր հրապարակ, որովհետև հավատացել էր, և իր մեղքը չի, որ հավատացել էր ստորին, իսկ նրանք, ովքեր դեռ հավատում են ստորին, կա՛մ ապուշ են, կա՛մ եկեք համարենք, որ հիվանդ են, որոնց մենք պետք է բուժենք և, այո՛, շատ անգամ մենք պետք է կռվենք մեր ժողովրդի հետ՝ հանուն մեր ժողովրդի, կռվենք անշուշտ սիրով, համոզելով, ներելով»։