Նիկոլ Փաշինյանը, մինչեռաբլուրյան խայտառակ երթ-ցույցը, հանդես եկավ ուղերձով, որտեղ տեղ գտած նրա ցինիզմը պարզապես դժվար է պատկերացնել: Ըստ Փաշինյանի մեր ողբերգությունը պետք է մեզ ապրեցնի, ոչ թե կործանի: Փաստորեն մարդը արդարանում է, որ չի հասցրել կարգի բերել տարիներ ի վեր արմատացած համակարգային խնդիրները: Չէ, այն որ համակարգային շատ խնդիրներ են եղել, դա ոչ մեկ չի կարող ժխտել, բայց ինքը ունքն ուղղելու փոխարեն, աչքն էլ հանեց:
Եվ իսկապես, ինչպես պիտի լուծեր խնդիրները, եթե օրուգիշեր զբաղված էր տարբեր մարդկանց բռնել բաց թողնելու թատրոն խաղացնելով, ստատուսներ ու շարադրություններ գրելով, ինչ-որ անհեթեթ 100 փաստերով իրական լուրջ խնդիրները լուծելու փոխարեն: Նիկոլի բանակը տռուսիկ-կլուբնիկն է, որի արդյունքը 5000 զոհ, 10 000 վիրավոր, ամեն օր ավելացող գերիներ ու մի քանի տասնյակ հազարավոր փախստականներ...Նիկոլի պատկերացրած սգո երթը «նիկոլ վարչապետ» ցույցն է Եռաբլուրում, Նիկոլի պատկերացրած հարգանքի տուրքը որդեկորույս մորը հրմշտելով որդու շիրիմին դերասանական վարպետությամբ ծնկել ու տխրելն է...
Վարչապետի աթոռին մեխված այս անձը մի առիթով Սերժ Սարգսյանի արտաբերած 80-ականների զենք արտահայտությունը դարձրեց մատի փաթաթան: Լավ, էն որ Նիկոլն անգրագետ է, ու տեղյակ չի, որ թեկուզ վերջին պատերազմի ժամանակ այդ թվում նաև Ադրբեջանի ԶՈւ կողմից լայն կիրառություն ունեցող նույն Դ-20, Դ-30 թնդանոթները, Գրադ կայանքները և այլ զինատեսակներ երեկ չեն հայտնագործվել ու դրվել արտադրության, բա կողքը մեկը չկար, որ հուշեր ու ասեր, ախմախ բաներ ես խոսում, էդ թեման արծարծել չարժի: Չնայած երևի ինքը ոչ մի խորհուրդ չի էլ լսում:
Սա ընդամենը մի օրինակ է, թե Փաշինյանը ինչ մոտեցումներ ունի երկրի համար կենսական խնդիրների լուծման վերաբերյալ: Նույն անբովանդակ ուղերձում նոր զրոյական էջից սկսելու մասին արտահայտությունը ընդհանրապես ծիծաղելի է: Կամ ավելի շուտ լացելու: Փաստորեն Արցախի էջը փակեցինք, ու ավտոմատ կերպով Հայաստանի դարպասները դարձավ Սյունիքը, որի կորցնելու վտանգը Դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին:
Լավ, այս անմեղսունակից այլ բան սպասելի չէր, բայց երբ նման արտահայտություն է անում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը (վերոնշյալ ուղերձից մի քանի ժամ անց գրառման տեսքով), դա արդեն իրոք տխրեցնող է:
Պարոն Գասպարյան, դուք որպես սպա, վաստակաշատ գեներալ, ինչպե՞ս եք հանդուրժում այս ամենը: Միթե՞ չեք գիտակցում, որ հավասարապես կրելու եք այս խայտառակության պատասխանատվությունը:
Սերունդները ձեզ ինչպե՞ս են հիշելու:
Ասում են, որ ժամանակին պարտված հրամանատարները իրենք էին վերջ տալիս իրենց կյանքին պարտության խարանը հավերժ չկրելու համար: Պատվի հարց է:
Հիմա որպես հայ սպա և գեներալ, դուք կարող էիք գործել, խոսել, պատմել ճշմարտությունը, փորձել մեզ` քաղաքացիներիս բացատրել, թե ինչպես սա տեղի ունեցավ: Իսկ դուք դրել, կրկնում եք այդ անմեղսունակ դավաճանի խոսքերը:
Պարոն գեներալ, դուք Հայաստանի դարպասները հանձնել եք թշնամուն, նա մոտեցել է Հայաստանի ողնաշարին և ունակ է մեկ հարվածով կոտրել այն: Ձեր ուսադիրները այսքանից հետո չե՞ն ծանրացել:
Սպայի պատվի մասին լսել եք, համոզված եմ: Հետևաբար գործեք, փորձեք փրկել մնացյալ հայրենիքը, այլապես հետո ուշ կլինի: Դեռ ժամանակ ունեք: Քավեք ձեր մեղքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել