Մեր ընկեր Արսէն Պողոսեանը ինձ առաջարկեց իր յօդուածը տեղադրել իմ կայքէջում։ Չնայած անշնորհքութիւններին անդրադառնալն աւելորդ եմ համարում, բայց եւ ընկերներին մերժելը սրտովս չէ։ Բացի այդ սիրում եմ բարեկիրթ ու տրամաբանական խօսքը...

<< ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

Քո և հայաստանյան քաղաքական կուսակցությունների գերակշիռ մասի ընդհանրությունն այն է, որ բոլորդ էլ Պարույր Հայրիկյանի դեմ եք գործել և գործում: Քանի որ ազգային-քաղաքական հարցերում դուք ասելիք չունեք, ստիպված հարձակվել եք այն մարդու վրա, ով հանուն հայրենիքի ոչ միայն զոհել է ամեն ինչ, այլև կարողացել է ճշգրտորեն նախանշել և առաջնորդել մեզ՝ մեր պետականության կերտման ճանապարհին: 
Մի՞թե դու և քո կուսակցության առաջնորդն եք ԽՍՀՄ բռնատիրության տարիներին պայքարել հանուն Հայաստանի անկախության, հետագայում էլ՝ Սահմանադրության ընդունման, ազգային բանակի կայացման համար: Կամ դո՞ւք եք, որ պայքարել եք մեր երկրում սահմանադրական բարեփոխումների, ժողովրդավարության հաստատման և մասնավորապես՝ համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ձևավորման, այսինքն՝ դրա կուսակցականացման համար: Մի՞թե դուք եք, որ ներկայումս բարձրաձայնում եք Ռուսաստանի կողմից մեր հանդեպ իրականացվող գաղութատիրական քաղաքականության մասին: Կարո՞ղ ես նշել մի կարևոր ազգային-քաղաքական հարց, որ դու կամ քո կուսակիցները առաջ եք քաշել և պայքարել դրա կյանքի կոչման համար:
Այնպես որ, երբ ափսոսանք ես հայտնում, թե ինչո՞ւ է պետությունը Հայրիկյանին գումար տրամադրել արտերկրում բուժվելու համար, նախ մտածիր, թե դու կատարածդ ո՞ր գործի համար ես վարձատրվում: Դու և քո նմանները պարզապես պատրանք եք ստեղծում, թե քաղաքական գործիչ եք և ծառայում եք ազգին ու հայրենիքին:
Որքան էլ դու Հայրիկյանին «ստախոս», «պատմությունը կեղծող» անվանես, միևնույն է՝ միջազգային հանրությունը նրան ճանաչել է որպես 1988-1991 թվականների ԽՍՀՄ ազգային-ժողովրդավարական շարժումների առաջնորդ: Իսկ դո՞ւ ով ես և քաղաքական ի՞նչ վաստակ ունես:
Եթե տեղյակ չես, ասեմ, որ Պարույր Հայրիկյանը, ի տարբերություն քեզ, քաղաքականությամբ զբաղվել է այն ժամանակ, երբ նրան ոչ թե իշխանական, այլ մեղադրյալի աթոռն էր սպասում: Եվ մի՞թե դու ես այն տասնյակ հայրենասիրական բանաստեղծությունների և երգերի հեղինակը, որոնք անկեղծ նվիրումից և ոգու թռիչքից միայն կարող էին ծնունդ առնել: 
Դու ասում ես, թե Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը իրական չէ, բայց ժամանակին, երբ կոմսոմոլ ես եղել, կասկածի տակ դրե՞լ ես ձեր սիրելի Լենինի դեմ իրականացված մահափորձը: Խոսում եք նաև 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, ուզում եք, որ աշխարհն այն ճանաչի և ընդունի, սակայն ուրանում եք ձեր աչքի առաջ այսօր կատարված եղելությունը:
Դու և քո նմանները ատում եք Հայրիկյանին, որովհետև ոչ մի ընդհանրություն չունեք այն արժեքների հետ, որի համար ողջ գիտակցական կյանքում պայքարել է նա: Պարզապես «ընդդիմություն խաղալով»՝ մասնակից եք այն դիմակահանդեսին, որի հետեւանքով մեր ազգը դեպի կործանում է գնում:
Դու և քո նմանները, թերևս, կարող եք մարդկանց ապակողմնորոշել, բայց Աստծուն էլ հո չե՞ք կարող խաբել: Փորձելով ցեխ շպրտել Հայրիկյանի վրա՝ ինքներդ եք ցեխոտվում և հոգեպես ապականվում: 
Ի՞նչ խորհուրդ կտամ քեզ... Ապաշխարի՛ր... Սա ասում եմ քո իսկ հոգու փրկության համար: 
ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ>>

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել