ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է գալիս քաղաքականությունից:
Հարգելի հայրենակիցներ՝ սույն թվականի նոյեմբերի 25-ից ԱՀ-ում երկար տարիներ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող և Արցախի ներկայով ու ապագայով հետաքրքրված մի խումբ անձանցով սկսել էինք «Սա մեր վերջին խրամատն է» խորագիրը կրող պայքարը, որի շրջանակում հանրության լայն խմբերի ներկայացուցիչների հետ երկատաև քննարկումների արդյունքում ձևավորվել ու Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին է ներկայացվել չորս կետից բաղկացած հանրային պահանջ /հղումն այստեղ․ https://www.facebook.com/vladimirgrigoryan/posts/3547491241966669/՝ հիմք ընդունելով հանրային տրամադրություններն ու արցախցու կյանքը հնարավորինս սահուն և առանց ավելորդ ցնցումների ներկա մարտահրավերներին համահունչ ընթացքի մեջ մտցնելու հրամայականը։
Այս օրերի ընթացքում ԱՀ գործող նախագահի հետ տարբեր ֆորմատներով տեղի ունեցան մի շարք հանդիպում-քննարկումներ, որոնց արդյունքում մեր կողմից առաջադրված պահանջները մնացին անփոփոխ և անսակարկելի։
Այսօր ԱՀ գործող նախագահ Ա․Հարությունյանը հանդես եկավ խոստացված ուղերձով, որում «դիվանագիտորեն» փորձ արվեց շրջանցել հանրային տրամադրություններն ամբողջացնող հիմնական պահանջը՝ ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրությունների կազմակերպումը և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը։ Մենք անմիջապես արձագանքել ենք հիշյալ «դիվանագիտական հնարքին», որից հետո րոպեներ անց ուղերձի տեքստը ուղղվել ու համապատասխան կետը ստացել է հետևյալ ձևակերպումը․ «Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները: Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։
Այսքանով մեր պայքարը չի ավարտվում և մենք հետևողական ենք լինելու ուղերձում նշված բոլոր կետերի անշեղ իրացմանը։ Միաժամանակ հայտարարում ենք, որ մեր բոլոր քայլերը միտված են եղել բացառապես ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հաղթահարելուն և Արցախի Հանրապետության Սահմանադրական կարգի պահպանմանը, ուստի կոչ ենք անում ԱՀ-ում գործող բոլոր հասարակական և քաղաքական միավորումներին, ակտիվ հասարակական, քաղաքական և ռազմական դերակատարում ունեցող անձանց իրենց ունեցած բոլոր հնարավորությունները և միջոցները այս փուլում առավելագույնս ծառայեցնել պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգության, քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն։
Հայտարարությունն արված է նախաձեռնության անդամների կողմից՝
«Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյան
«Իրավական աջակցություն և արդարություն» հասարակական կազմակերպության անդամ Գուրգեն Ներսիսյան
«Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության անդամ Վլադիմիր Գրիգորյան
Հասարակական գործիչ Հարութ Մնացականյան
Տնտեսագետ Արամ Վերդյան
No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել