Pars Today-ը գրում է․
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը, ափսոսանք հայտնելով զինաթափման և չտարածման պայմանագրերի նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ, մտահոգություն է հայտնել միջուկային փորձարկումներ իրականացնելու Վաշինգտոնի մտադրության կապակցությամբ:
Միջուկային համապարփակ արգելքի մասին պայմանագրի նախնական հանձնաժողովի (CTBT) նիստում ունեցած ելույթում, Քազեմ Ղարիբաբադին մտահոգություն է հայտնել միջուկային փորձարկման նախապատրաստվելու համար ԱՄՆ Սենատի կոմիտեի կողմից 10 միլիոն դոլար արժողությամբ բյուջեի հաստատման կապակցությամբ և Միացյալ Նահանգներին կոչ արել պահպանել այս ոլորտում իր ստանձնած պարտավորությունները:
Ղարիբաբադին դատապարտել է Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագիրը չստորագրելու Սաուդյան Արաբիայի քայլը և Ռիադին հորդորել հնարավորինս շուտ ստորագրել պայմանագիրը:
Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «Թեհրանը կարծում է, որ միջուկային զենքի բոլոր տեսակի փորձարկումները, ինչպես նաև այդ զենքի քանակի ավելացումն ու արդիականացումը դադարեցնելն առաջին անհրաժեշտ քայլն է միջուկային զինաթափման ուղղությամբ»:



