Խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ:
Ծնվել է Նոր Նախիջևանում (Ռոստովի մարզ): 1911թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1917թ. ընտրվել է ՌՍԴԲԿ Մինսկի կոմիտեի նախագահ, իսկ 1919թ.` Մոսկվայի ՌԿ(բ)Կ քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար: 1921թ. հունվարի ՌԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Մյասնիկյանն ուղարկվել է Հայաստան, նշանակվել խորհրդային նորաստեղծ կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ: Խմբագրել է շուրջ տասը անուն թերթ ու հանդես: Հրատարակել է հոդվածներ` նվիրված հայ պոեզիայի դասականներին: Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում ծրագրված ինքնաթիռային աղետի հետևանքով:
«Նայիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած:
Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ: 
Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա, 
Նայիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած»: 
                                                                                   Ե. Չարենց 16.04.1936թ.
1976թ փետրվարի 10-ին Երևանում դրվեց Ա. Մյասնիկյանի հուշարձանը կառուցելու մասին հուշաքար: 
Ա. Մյասնիկյանի հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1980թ. նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ-ի 60-ամյակի տոնակատարությունների օրերին, Հ. Պարոնյանի անունը կրող փողոցի վրա:
Հանդիսավոր բացմանը ներածական խոսք ասաց ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լ. Ներսիսյանը: Խոսք ասացին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանը, շինարար Ս. Սարգսյանը, Երևանի Ա. Մյասնիկյանի անվան դպրոցի ուսուցչուհի Ռ. Դավթյանը, Ա. Մյասնիկյանի անվան տրիկոտաժի արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ռ. Բեկիրևսկին, ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմի առաջին քարտուղար Գ. Մուրադյանը: 
Արձանի բարձրությունը 8,6 մ, նյութը` գրանիտ, բազալտ, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան, քանդակագործ` վաստակավոր նկարիչ Արա Շիրազ:
Արա Շիրազը ծնվել է 1941թ. Երևանում:
1966թ. ավարտել է ԵԳԹԻ-ն: 1970-ից Նկարիչների միության անդամ է: 1977թ. շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում: 1979թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ:
Նրա գործերից են`
«Անտունի», չուգուն, 1969թ., Ժամանակակից արվեստի թանգարան (ԺԱԹ) Երևան
«Վահանով կինը», դրվագված պղինձ, 1970թ., «Անի» ռեստորանի սրահ
«Վիլյամ Սարոյան», դիմաքանդակ, չուգուն, 1975թ., ԺԱԹ., Երևան
«Պաբլո Պիկասո», դիմաքանդակ, չուգուն, 1976թ., ԺԱԹ., Երևան
«Հրաչյա Ներսիսյան», դիմաքանդակ, չուգուն. 1976թ., Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
«Ֆիդայի», երանգավորված գիպս, 1976թ., ՀԱՊ, Երևան
«Դվին», հարթաքանդակ, տուֆ, 1979թ., «Դվին» հյուրանոց, Երևան
«Երեք մեխ, փշե պսակ», տրավերտին, բրոնզ, բարձրությունը`4 մ, 1991թ., Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ
«Լևոն Ներսիսյան», հուշարձան, բրոնզ, բազալտ, 2000թ., Մաշտոցի պողոտա, Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել