Hetq.am-ը գրում է․
Նոյեմբերի 13-ից Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել։
Այս մասին «Հետքին» հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել՝ հայ և ադրբեջանցի: Նրանք հոսպիտալացվել են: Մյուս ուղղություններում ողջ մնացած զինվորներ դեռևս չեն հայտնաբերվել։
Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանավորված՝ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել են: Թեպետ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր այդ աշխատանքները շարունակել Հադրութի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Մարտունու և Ջաբրայիլի ուղղություններով:
Որոնողական աշխատանքներին վերջին 2 շաբաթների ընթացքում մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու պատերազմական փորձությունն անցած զինվորները: ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ծնողների և հարազատների փոխանցած ինֆորմացիայի հիման վրա հավաքագրել և քարտեզավորել է տվյալները, փոխանցել բանակցող կողմին՝ դրանով որոշակիորեն հեշտացնելով աշխատանքը:
Արցախի փրկարարական ջոկատներն արդեն մեկ ամիս աշխատում են բոլոր շրջաններում, սակայն դեռևս չկա մեկ շրջան, որտեղ որոնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված լինեն։ Դիերի որոնման աշխատանքներ արդեն իրականացվել են Շուշիի և Քարինտակի հատվածներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, Մարտակերտի Թալիշ-Մատաղիս ուղղություններում, Մարտունու շրջանում՝ ներառյալ Շեխեր, Կարմիր Շուկա-Ներքին Ճարտար, Ջիվանի բնակավայրերը, ինչպես նաև՝ Հադրութի և Քաշաթաղի հարավային ուղղություններում:
Փրկարար ծառայությունից հայտնել են, որ շատ են եղել դեպքերը, երբ ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները խախտել է։ Այսինքն՝ խոստացել է թույլատրել դիերի որոնողական աշխատանքներ կատարել, սակայն հետո արգելել է իր վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնումներ կատարել:
Ռուս խաղաղապահները գործողություններին չեն մասնակցում: Նրանք պարզապես բանակցում են և մասնակցում դիերի փոխանակման աշխատանքին:
Նշենք, որ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման համար որոնողական աշխատանքները սկսվել են Շուշիից և շարունակվել մյուս բնակավայրերում:
Լուսանկարները՝ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության