Politik.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, երեկ երեք տարեց քաղաքացիական անձինք, ովքեր գտնվում էին Ադրբեջանում գերության մեջ, հետ են վերադարձվել հայրենիք՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Այս օրերին բավական ակտիվ քննարկվում է գերիների փոխանակման հարցը։ Բաքուն կարծես թե առաջարկում է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով։
Սակայն այստեղ կա մի նրբություն։ Ադրբեջանական կողմը ուզում է հետ ստանալ նաեւ հայտնի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիեւին։ Հիշեցնենք, որ նրանք, այն դիվերսիոն խմբից էին, որը 2014 թվականի հուլիսի 10-ին դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել Քարվաճառի շրջանում։ ԼՂՀ հատուկ նշանակության ստորաբաժանումները վնասազերծել էին դիվերսիոն խմբին։ Գուլիեւը և Ասկերովը համարժեք հոդվածով այժմ կրում են իրենց պատիժը։
Այս անցնող տարիների ընթացքում ադրբեջանական կողմը մշտապես է ցանկացել հետ ստանալ հանցագործ դիվերսանտներին, սակայն Երեւանը հայտարարել է, որ նրանք ԼՂՀ իշխանությունների իրավազորության ներքո են եւ Բաքուն պետք է դիմի Ստեփանակերտին։ Հասկանալի է, որ Բաքուն հրաժարվում էր Ստեփանակերտի հետ որեւէ երկխոսությունից եւ այդպես հարցը մնում էր։
Ի դեպ, Գուլիեւն ու Ասկերովը դիվերսոն նեթափանցման ընթացքում քաղաքացիական անձ էին գլխատել։ Այս պահին կան տեղեկություններ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են նրանց հանձնել Բաքվին։ Սրա մասին ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում ասել էր, որ խոսք է գնում նաև պատերազմից առաջ եղած գերիների փոխանակման մասին։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևերգյանից հասկանլու համար իրավիճակը այս հարցի շուրջ, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։