Անցավ ուղիղ մեկ ամիս այն պահից, երբ ՀՀ տգետ ու ապաշնորհ իշխանությունները հանգեցրին մեր երկիրը խայտառակ կապիտուլյացիայի, և մենք կորցրինք մեր հայրենիքի 1/4-ը։ Այս մեկ ամսվա ընթացքում ոչ միայն չեն լուծվել ռազմագերիների ու անհետ կորածների հրատապ հարցերը, այլև առաջ են եկել նոր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է եռանդուն ջանքեր, փորձ ու գիտելիք։ Այդ խնդիրներից ամենաշոշափելին, թերևս, Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցնելիք նոր սահմանագիծն է, որը ճիշտ է կոչել ռազմաճակատի գիծ։ Այս ռազմաճակատի գծից են կախված ոչ միայն Արցախը վերադարձնելու ու պահելու մեր հնարավորություններն ապագայում, այլև Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի բնակավայրերի մեծ մասի բնակչության ֆիզիկական ու տնտեսական անվտանգությունը։
Անցնող մեկ ամսվա ընթացքում, ցավոք, ՀՀ կառավարությունը ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում, որ ռազմաճակատի նոր գիծը մեզ համար համեմատաբար բարենպաստ լինի։ Ամեն ինչ թողնված է ՌԴ և Ադրբեջանի բարեհաճությանն ու տեղի բնակիչների ուժին ու հնարամտությանը։ Թե ինչ կործանարար արդյունք է սա ունենում, արդեն համոզվել ենք Սոթքում, Գորիսում և այլուր։ Առջևում դեռ Սյունիքի հարավային հատվածներն են։
«Բա ի՞նչ պիտի անեին մեր տգետները»,- կհարցնեք դուք։
Իսկ ես կպատասխանեմ. դրա համար պետք է առաջին հերթին տգետ չլինել ու տիրապետել հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր նրբերանգներին ու գործել պրոակտիվ։ Այսպես, ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ միջև սահմանային գիծը, որը ներկայումս հիմք է ծառայում չարաբաստիկ «GPS»-ով նոր սահմանազատման համար, 1988թ. հունվարի 12-ի «Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների հաստատման (վերականգնման) աշխատանքների անցկացման վերաբերյալ արձանագրությամբ» ստացել էր այլ տեսք, քան փորձում է այսօր ներկայացնել Ադրբեջանը, և որին գլխիկոր հետևում են մեր խայտառակված իշխանությունները։ Արձանագրությունը, որ ստորագրված է եղել 2 երկրների կողմից, սահմանում էր նոր սահմանագիծ, որտեղ հաշվի էր առնված, օրինակ, Գորիսի շրջանի հայ բնակչության արոտավայրերի հարցը կամ Կապանի օդանավակայանի ու ճանապարհի հարցը։ Եթե այս փաստաթուղթը գործառնության մեջ դրվեր նոյեմբերի 10-ին, ապա այսօր Սոթքը հայկական կլիներ։
Քանի որ դա չի արել կառավարությունը, երեկ այս փաստաթղթի վրա է հղում արել ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը՝ դիմելով ՌԴ նախագահին սահմանազատման աշխատանքներին օժանդակելու համար։ Հուսանք, որ դեռ հնարավոր կլինի փրկել Սյունիքը։
Հ.Գ. Ամեն օր հիշեցնելու եմ, որ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք մեր հայրենիքի 1/4-ից։