Aravot.am-ը գրում է․
Մոտ մեկ ժամ առաջ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց անժամկետ հացադուլ հայտարարեց Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական Հովհաննես Պետրոսյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառը եռակողմ համաձայնագիրն է, ըստ որի, 2 ժամից հանձնում ենք Լաչինի փրկօղակը։ «Ես իմ քայլով կոչ եմ անում իմ ազգին ոտքի կանգնել, մենք երկիր ենք կորցնում։ Ես այսօր բառիս բուն իմաստով ինձ զգում եմ ստորացված, նվաստացած, չեմ ուզի ստորացված ապրել այս երկրում, առավել ևս չեմ ուզում, որ այդպես ապրեն իմ զավակները, իմ աշակերտները, իմ բարեկամները, իմ ընկերները»,-ասաց Հովհաննես Պետրոսյանը։
Նա ցավով նշեց, որ իր շրջանավարտներից երեքը զոհվել են` առ ոչինչ տալով իրենց կյանքը։
Դպրոցի տնօրենը նաև նախազգուշացրեց, որ չփորձեն թիրախավորել իր ընտանիքին, ինքը երբևէ սոցցանցերում գրանցված չի եղել և չի պատրաստվում գրանցվել։
«Ես 21 տարուց ավել դպրոցի տնօրեն եմ, ես սովորեցրել եմ ապրել, սովորեցրել եմ սիրել հայրենիքը։ Այս տխրահռչակ հայտարարությունը ստորագրելուց հետո խորհրդակցում էի իմ պատմաբան ընկերոջ հետ, ասում էի` ի վերջո մեր դասագրքերում կա Շուշիի գրավման տոնակատարություն, «Հարսանիք լեռներում», հաջորդ մայիսին մենք ի՞նչ ենք ասելու մեր երեխաներին, մեր զավակներին։ Չգիտեմ, ես դատարկված եմ, ստորացված եմ, ես չեմ ուզում այդպես ապրել»,-ասաց տնօրենը։