Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել․
1. Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ), Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։
2. «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը, որքան աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները: Սա է իրերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում, և այս բալանսը խախտելու ցանկացած փորձ կամ նույնիսկ ակնարկ ցնցումներ է առաջացնում:
3. «Հովանավորվող» փոքր պետությունը չի կարող ինքնուրույն հովանավոր փոխելու փորձեր անել կամ բալանս խախտել, այսինքն՝ կարող է, բայց թանկ պետք է վճարի:
4. Հայկական հեղափոխությունը շատ արագ սկսեց ասոցացվել գունավոր հեղափոխության հետ: Ռուսաստանում նման կարծիք ձևավորվեց, քանի որ ընդգծված հակառուսական տարրեր հայտնվեցին իշխանության բարձր էշելոններում: Մոսկվայում սկսեցին լարվել, քանի որ նշված բալանսի խախտման հեռանկար նկատվեց (հիշվեց Վրաստանի և Ուկրաինայի հակառուսական իշխանությունը, որն առաջին 2-3 տարիների ընթացքում ՌԴ-ի հետ նորմալ էր աշխատում): Դա, բնականաբար, նկատեցին նաև Անկարայում և Բաքվում` դիտարկելով որպես հնարավորություն:
5. Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որևէ բան չարեցին աշխարհին ցույց տալու համար, որ իրենք գունավոր կամ սորոսական հեղափոխություն չեն արել: Հակառակը` իշխանության ղեկին եկան սորոսական կամ հակառուսական կադրեր: Այսինքն՝ հարց էր առաջանում՝ եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչո՞ւ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել: Որ ի՞նչ: Պա՞րտք եք: Պարտակա՞ն եք: Եթե ոչ, հանի: Եթե չես հանում, ուրեմն մի բան էն չի: Այս հարցը մինչ օրս տրվում էր Վաշինգտոնից մինչ Մոսկվա, և հավատացեք՝ պատասխան չի գտնվում: