Նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո դժվար է գտնել կամք՝ խոսելու համար, բայց ավելի դժվար է լռելը, քանի դեռ ունես անսասան որոշում` շարունակել ապրել Հայաստանում։
Նոյեմբերի 10-ից հետո կա նոր Հայաստան՝ բառի բուն իմաստով նոր պետություն, որի առջև ծառացած են մեծագույն, եթե կուզեք, աննախադեպ մարտահրավերներ։
(Շատերի համար, ցավոք) Այլևս չկա հանգիստ նստելու և անհոգ գոյատևելու նախկինում առկա շքեղությունը։
Չկա նաև հնարավորություն, զուտ քաղաքական ու գաղափարական տարբերություններով պայմանավորված, հրաժարվելու Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած գերպրոֆեսիոնալ կադրերից (որ ճամբարին էլ որ նրանք համակրեն), որոնց ընդհանուր քանակը չի անցնում մի քանի տասնյակը։ Միայն այդ մարդիկ կարող են Հայաստանին նվիրել հնարավորություն՝ պահելու պետականությունն ու զարգացնելու այն։ Հակառակ դեպքում, որքան էլ դա ցավոտ է լսելը, «Հայաստան պետություն» անունը կրող նախագիծը կարելի է համարել դատապարտված վերջնական կործանման։ Դուք կհարցնեք, թե ովքեր են պրոֆեսիոնալներ։ Որպեսզի ես ցանկ չներկայացնեմ, բավական է ասել, թե ինչպես տարբերել դրանց. պրոֆեսիոնալի մասին խոսում է իր արած գործը՝ առանց էմոցիայի, առանց հուզականության ու քաղաքական աստառի։ Չի կարող մարդ պրոֆեսիոնալ լինել, եթե չունի փորձ, համապատասխան գիտելիք ու իր ոլորտում ձեռքբերումներ։
Որքան էլ ձեզ կփորձեն համոզել հակառակում, պետք է հենց դուք ինքներդ շիտակ արձանագրեք. այսօր Հայաստանի զարգացման համար պատասխանատուների ցանկում պրոֆեսիոնալ մարդիկ գրեթե չկան։ Չկան մարդիկ, ովքեր հասկանում են ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլև նաև ունակ են մասնագիտական մոտեցմամբ հաղթահարելու նոր Հայաստանի առջև առկա խնդիրները կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում։
Ասվածի վառ վկայությունն է այն, որ խայտառակ պայմանագրում առկա կետը տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մասին առանց հասկանալու ոգևորություն է առաջացրել շատերի մոտ, մինչդեռ տարածաշրջանին ու հատկապես Ադրբեջան/Թուրքիայի քաղաքականությանը ծանոթ մարդը շատ լավ հասկանում է, թե ինքնին որքան հեղհեղուկ է «ճանապարհ բացել/փակելը», և ինչ մեծ վտանգներ են սպասվում նույնիսկ այդ կետի իրականացման դեպքում։
Ուստի պահանջե՛ք լուրջ, կոմպետենտ ու պրոֆեսիոնալ մոտեցում, իսկ ես կշարունակեմ թվարկել տարածաշրջանային խնդիրներն ավելի մատչելի լեզվով՝ հետապնդելով մի նպատակ՝ սթափեցնել ձեզ ու հիշեցնել, որ խնդիրները ժամանակավորապես թաքցնելն ու դրանց հետ համակերպվելը ավարտվելու է նոր արհավիրքով։